27/07/2016 16:32
Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը կոչ է անում անհապաղ ազատ արձակել ՊՊԾ գնդում պահվող բժիշկներին
Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանությունը հայտարարություն է տարածել Էրեբունու գրավված ՊՊԾ գնդի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների կապակցությամբ:
«Մենք ողջունում ենք Էրեբունում տիրող իրավիճակի վերաբերյալ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի երեկվա հայտարարությունը, որտեղ նա փաստում է, որ ուշադիր հետևում է իրադարձություններին և ձեռնամուխ լինում քայլերի, երբ օրինախախտումներ են լինում: Մենք ողջունում ենք և միանում շարունակաբար զսպվածություն դրսևորելու վերաբերյալ բոլոր կողմերին ուղղված նրա կոչին», - ասված է ԱՄՆ դեսպանության հայտարարությունում:
«Հուլիսի 26-27-ի զարգացումները հաշվի առնելով` մենք բոլոր կողմերին հորդորում ենք ցուցաբերել առավելագույն զսպվածություն, գործել օրենքի սահմաններում ու հանդես բերել իրավիճակի խաղաղ հանգուցալուծման հանձնառություն: Մեզ համար հատկապես մտահոգիչ են Էրեբունու ոստիկանական շենքում բուժանձնակազմին պահելու մասին մամուլի հաղորդումները: Այսպիսի գործողություններն անընդունելի են, և եթե համապատասխանում են իրականությանը, ապա կոչ ենք անում անհապաղ ազատ արձակել այս անձանց», - նշված է ամերիկյան դիվանագիտական ներկայացուցչության հայտարարությունում:
Ավելի վաղ ոստիկանության լրատվական վարչության պետ Աշոտ Ահարոնյանը հայտնել էր, որ ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված զինված խումբը պատանդ է վերցրել բժիշկների:
«Իրենց մասնագիտական պարտքը կատարելու նպատակով ՊՊԾ գնդի տարածք մուտք գործած «Շտապօգնություն» ՓԲԸ բուժաշխատողների` երկու բժշկի` Նորայր Թևանյանին ու Սալվադոր Խեչոյանին, բուժակ Դավիթ Տոնոյանին, բուժքույր Մալինա Մարգարյանին զինյալ խմբի անդամները պատանդ են վերցրել», - հայտնել է ոստիկանությունը:
«Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ալեք Ենիգոմշյանն էլ հայտնել է, որ «Սասնա ծռերի» անդամները բժիշկներին «պատանդ չեն վերցրել, այլ նրանց պահում են գնդի տարածքում բժշկական օգնությունն ապահովելու համար»: