28/07/2016 18:24
«Զվարթնոց» օդանավակայանում և «Արմենիա» հեռուստաընկերությունում ռումբի մասին ահազանգողը հայտնաբերվել է. ԱԱԾ
ՀՀ Ազգային անվտանգության ծառայության համապատասխան ստորաբաժանումների համակցված գործունեության շնորհիվ հայտնաբերվել է ս.թ. հուլիսի 27-ին նախապատրաստվող ահաբեկչության մասին կեղծ ահազանգեր կատարած անձը, տեղեկացնում են ԱԱԾ լրատվական ծառայությունից:
Ձեռնարկված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված օրը Հայաստանի Հանրապետության քաղաքացի, 1987թվականին ծնված Սարգիս Ռուբենի Սաֆարյանը, Ռուսաստանի Դաշնությունից դեպի ՀՀ երկու առանձին զանգ կատարելով հայտնել է, թե իբր «Զվարթնոց» օդանավակայանում և «Արմենիա» հեռուստաընկերությունում տեղադրված են ռումբեր, որոնք կարճ ժամանակում պայթելու են:
ԱԱԾ-ն հիշեցնում է, որ նախապատրաստվող ահաբեկչության մասին սուտ հաղորդում տալը քրեորեն պատժելի արարք է (ՀՀ քրեական օրենսգրքի 259 հոդված), իսկ ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունն իր տրամադրության տակ ունի բավարար միջոցներ ու հնարավորություններ նման ցանկացած արարք բացահայտելու և այն կատարած անձին հայտնաբերելու համար:
Փաստի կապակցությամբ ձեռք բերված նյութերը փոխանցվել են իրավասու պետական մարմիններին` համապատասխան իրավական ընթացակարգեր սկսելու համար