28/07/2016 16:45
Ալեք Ենիգոմշյանը կասկածվում է կազմակերպված խմբի հանցավոր գործողություններին օժանդակելու մեջ. Փաստինֆո
ՀՀ քաղաքացի Արա Ալեքսանդր Վահրամի Կոմշույանը (Ալեք Ենիգոմշյան) բերման է ենթարկվել կազմակերպված խմբի կողմից զենքի կիրառմամբ, կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի շենքերը և շինությունները զավթելու և պահելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով ու կասկածվում է օժանդակելու մեջ։ Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնեցին ԱԱԾ-ի լրատվական ծառայությունից։
«Կազմակերպված խմբի կողմից զենքի կիրառմամբ, կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի շենքերը և շինությունները 17.07.2016թ. զավթելու և պահելու դեպքի առթիվ հարուցված և ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում, 2016թ. հուլիսի 27-ին, ժամը 19.50-ին ՀՀ ԱԱԾ վարչական շենք բերման է ենթարկվել և ժամը 22.30-ին, դատավարական պատշաճ ընթացակագով ձերբակալվել ՀՀ քաղաքացի Արա Ալեքսանդր Վահրամի Կոմշույանը (Ալեք Ենիգոմշյան):
Քաղաքացի Կոմշույանը կասկածվում է ՀՀ քրեական օրենսգրքի 38-219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործության՝ կազմակերպված խմբի վերոգրյալ հանցավոր գործողություններին օժանդակելու մեջ:
Բերման ենթարկվելիս Կոմշույանն օգտվել է իր իսկ ընտրած պաշտպանի ծառայություններից: Հաշվի առնելով վերջինիս հաշմանդամությունը, նրա իրավունքների ավելի լայն իրագործումն ապահովելու, դատաիրավական գործողություններին մասնակցելու նպատակով, ի շահ իրեն քրեական գործով ներգրավվել է կույրերի համար ստեղծված բրայլյան գրի համապատասխան մասնագետ՝ տիֆլո-մանկավարժ»,- ի պատասխան «Փաստինֆոյի» հարցման նշեցին ԱԱԾ-ից: