28/07/2016 17:51
ԼՂՀ-ում հանցագործությունների թիվն աճել է
2016թ. 1-ին կիսամյակում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունումգրանցված հանցագործությունների ընդհանուր թիվը աճել է 80,1%-ով կամ 161 դեպքերով (2015թ.՝ 201, 2016թ.՝ 362), տեղեկացնում է ԼՂՀ ոստիկանությունը:
Հանցագործությունների ընդհանուր թվի աճը հիմնականում պայմանավորված է հունվարի 1-ից դիմողի բողոքի բացակայության և տուժողը կասկածյալի կամ մեղադրյալի հետ հաշտվելու (ԼՂՀ ՔԴՕ հոդ.35 մ.1 կ.4 և 5) հիմքերով կարճված քրեական գործերով և մերժված նյութերով հանցագործությունների հաշվառմամբ, ինչպես նաև թմրամիջոցների, զենք և ռազմամթերքի ապօրինի շրջանառության դեպքերի հայտնաբերման և բացահայտման ակտիվ աշխատանքներով։
Հաշվետու կիսամյակում 10.000 բնակչին բաժին ընկնող հանցագործությունների թիվը հանրապետությունում կազմել է 24,3 (2015թ.՝ 13,5)։
Հանցագործությունների աճի պարագայում բարելավվել է նաև բոլոր ուղղություններով դրանց բացահայտման արդյունավետությունը։ Հաշվետու ժամանակահատվածում գրանցված 362 հանցագործություններից բացահայտվել է 316-ը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի՝ 201-133-ի դիմաց։ Բացահայտվել է նաև նախկին տարիներին կասեցված հանցագործության 9 դեպք (2015թ.՝ 7)։
Վարույթում գտնվող քրեական գործերով 19-ով (4-ից 23) աճել է անչափահասների թիվը, իսկ 15-ով (8-ից 23)՝ նրանց կողմից կատարված հանցագործությունների քանակը, որոնցից 17-ը՝ քրեական հետախուզության, իսկ 6-ը՝ այլ ծառայության գծերով (2015թ.՝ 8/0)։
Բացահայտվել է նաև նախկին տարիներին անչափահասների կողմից կատարված և չբացահայտված հանցագործության 3 դեպքեր։
ԼՂՀ ոստիկանության տարածքային ստորաբաժանումների անչափահասների գործերով տեսչություններում պրոֆիլակտիկ հաշվառման է վերցվել 36, հաշվառումից հանվել 35 անչափահասներ։ 2016թ. հուլիսի 1-ի դրությամբ հաշվառման մեջ են 67 անչափահասներ։
Հաշվետու կիսամյակում հանրապետության տարածքում կազմակերպվել և անց է կացվել «Կանեփ-կակաչ 2016» համալիր միջոցառման 1-ին փուլը, որի արդյունքում ի հայտ է բերվել մշակումն արգելված թմրանյութ պարունակող բույսեր ապօրինի ցանելու և աճեցնելու 15 դեպք։ Հայտնաբերվել և այրման միջոցով ոչնչացվել է չմշակված 5372,9 կգ կանեփ և 0,8 կգ կակաչ տեսակի բույսեր։
2016թ. 1-ին կիսամյակում 20 դեպքով (40-ից 20) նվազել են ճանապարհային պատահարները, 1-ով (6-ից 5)՝ զոհերի և 27-ով (49-ից 22)՝ վիրավորների թիվը։