28/07/2016 15:00
Հռիփսիմե Խուրշուդյանի՝ 2012 թ. դոպինգ ստուգման արդյունքը դրական է
Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան հրապարակել է Լոնդոնի 2012 թվականի ամառային Օլիմպիական խաղերին մասնակցած մարզիկների դոպինգ-նմուշների վերստուգման արդյունքները։
12 մարզիկների հանձնած նմուշների վերստուգումը դրական արդյունք է տվել։ Դրանց թվում է 75+ քաշային կարգում բրոնզե մեդալը նվաճած Հռիփսիմե Խուրշուդյանը։ Հայ ծանրորդի օրգանիզմում հայտնաբերվել են «դեհիդրոքլորմեթիլտեստոստերոն» և «ստանոզոլոլ» նյութեր։
Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան ժամանակավորապես զրկում է մարզուհուն որևէ մրցաշարի մասնակցելու հնարավորությունից մինչև նրա գործերի վերջնական քննումն ու եզրակացությունը։ Վերջնական որոշման կայացումից հետո կազմակերպությունը կհրապարակի պատժամիջոցները։
Նշենք, որ Հռիփսիմե Խուրշուդյանը կարող է զրկվել 2008-ից հետո նվաճած բոլոր մեդալներից, եթե քննությամբ որոշվի, որ նա խախտել է հակադոպինգային կանոնները։
Հիշեցնենք, որ այս տարվա ընթացքում Խուրշուդյանի օրգանիզմում արդեն իսկ արգելված դեղամիջոց՝ «մելդոնի» էր հայտնաբերվել Եվրոպայի առաջնության ժամանակ հանձնած դոպինգ-ստուգման ժամանակ, ինչն, ամենայն հավանականությամբ, կհանգեցնի նրան, որ մարզուհուցկվերցնեն ոսկե մեդալը։ Բացի այդ, դրական էր եղել նաև 2008-ի Պեկինի Օլիմպիական խաղերի ժամանակ նրա հանձնած երկրորդ նմուշի վերստուգման արդյունքը։
Քանի որ միջազգային մարզական կառույցներն իրավունք ունեն հետադարձ թվով որակազրկելու մարզիկին, ապա գործերի քննության ավարտից հետո մարզիկները կարող են զրկվել ենթադրվող որակազրկման ժամանակահատվածում տեղի ունեցած մրցաշարերում նախկինում նվաճած մեդալներից։
Որոշ դեպքերում, եթե մարզիկը մի քանի անգամ է խախտել հակադոպինգային կանոնակարգը, նա կարող է ցմահ որակազրկվել և զրկվել բոլոր տիտղոսներից ու մրցանակներից։