28/07/2016 10:23
ԱԺ արտահերթ նիստ գումարվում է նախագահի, կառավարության կամ պատգամավորների մեկ երրորդի նախաձեռնության առկայության դեպքում. ԱԺ
ՀՀ ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու հարցը կարգավորված է ԱԺ կանոնակարգ ՀՀ օրենքի 41-րդ հոդվածով, ըստ որի՝ արտահերթ նիստ գումարում է ՀՀ ԱԺ նախագահը՝ Հանրապետության նախագահի, պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի կամ կառավարության նախաձեռնության առկայության դեպքում, տեղեկացնում են ԱԺ լրատվական ծառայությունից:
«Կրկին հայտնում ենք, որ օրենսդրությամբ նախատեսված առիթների ու պայմանների առկայության դեպքում ՀՀ Ազգային ժողովի նախագահը իր գործառույթները կիրականացնի ամբողջ ծավալով», - ասված է ԱԺ տարածած հաղորդագրությունում:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Էրեբունու ՊՊԾ գնդի շուրջ ստեղծված իրավիճակի քննարկման համար պատգամավոր Նիկոլ Փաշինյանն առաջարկել է ԱԺ արտահերթ նիստ հրավիրել:
«Որպեսզի արտահերթ նիստը տեղի ունենա՝ հարկավոր է, որ 24 ժամվա ընթացքում ԱԺ թվով 44 պատգամավորներ ստորագրեն սահմանված ձևաթղթի տակ, ինչից հետո ԱԺ նախագահը օրենքով սահմանված կարգով պետք է ԱԺ արտահերթ նստաշրջան հրավիրի», - ասել էր Փաշինյանը: