28/07/2016 17:28
ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությունը ձախողվեց
ՊՊԾ գնդի շուրջ ստեղծված իրավիճակը քննարկելու համար պատգամավոր Նիկոլ Փաշինյանի առաջարկումով ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու նախաձեռնությունը ձախողվեց:
«Այս պահն հավաքվել է 19 պատգամավորի ստորագրություն, ինչը նշանակում է՝ այսօր ժամը 17.00-ին ԱԺ արտահերթ նստաշրջանը չի կայանա:
Մի շարք պատգամավորներ կապվել են մեզ հետ և ասել, որ Երևան վերադառնալուց հետո պատրաստ են ստորագրել նախաձեռնության տակ:
Կարծում եմ՝ ԱԺ արտահերթ նստաշրջան հրավիրելու հարցը պետք է մնա հանրային և քաղաքական կյանքի օրակարգում, որովհետև ՊՊԾ գնդի շուրջ ստեղծված իրավիճակը ոչ թե քրեաիրավական, այլ քաղաքական հարց է և պետք է լուծվի քաղաքական քննարկումների և քաղաքական որոշումների տիրույթում»,-Facebook-յան իր էջում գրել է Փաշինյանը՝ հրապարակելով ձևաթուղթը, թե որ պատգամավորներն են միացել ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու նրա նախաձեռնությանը:
Փաշինյանը կոչ էր անում ԱԺ արտահերթ նիստ հրավիրել այսօր՝ ժամը 17:00-ին:
Որպեսզի արտահերթ նիստը տեղի ունենար, հարկավոր էր, որ 24 ժամվա ընթացքում ԱԺ թվով 44 պատգամավոր ստորագրեր սահմանված ձևաթղթի տակ, ինչից հետո ԱԺ նախագահը օրենքով սահմանված կարգով պետք է արտահերթ նստաշրջան հրավիրեր:
ԱԺ-ն այս առիթով այսօր հայտարարությամբ է հանդես եկել՝ նշելով, որ ՀՀ ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու հարցը կարգավորված է ԱԺ կանոնակարգ ՀՀ օրենքի 41-րդ հոդվածով, ըստ որի՝ արտահերթ նիստ գումարում է ՀՀ ԱԺ նախագահը՝ Հանրապետության նախագահի, պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի կամ կառավարության նախաձեռնության առկայության դեպքում: