28/07/2016 09:43
Պավել Մանուկյանին ու նրա որդուն սպառնում է 6-12 տարվա ազատազրկում. «Առավոտ»
«Սասնա ծռեր» խմբի անդամներ Պավել Մանուկյանին ու նրա որդուն՝ Արամ Մանուկյանին, մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 219-րդ հոդվածի 3-րդ մասով (Շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելը) և 235-րդ հոդվածով (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը)։
Ըստ մեղադրանքի՝ նախատեսվում է մի դեպքում՝ 6-12, մյուս դեպքում՝ 3-8 տարվա ազատազրկում։ Հայրն ու որդին գտնվում են «Էրեբունի» ԲԿ-ում։ Այս մասին երեկ «Առավոտ»-ին հայտնել է նրանց պաշտպան՝ փաստաբան Ինեսա Պետրոսյանը։
Ըստ նրա՝ Պավլիկ Մանուկյանը, չնայած առողջական ծանր վիճակի, ցանկություն է հայտնել լինել դատարանում, փաստաբանից հետաքրքրվեցինք՝ ինչու է ցանկանում, ինչ է դա իրեն տալու, ասաց. «Յուրաքանչյուր մարդ, ու նկատմամբ դատարանում խափանման միջոցի վերաբերյալ միջնորդություն է ներկայացվում, իրավունք ունի մասնակցելու միջնորդության քննարկմանը։ Պավել Մանուկյանն էլ մասնակցելու ցանկություն է հայտնել»։
Փաստաբանն ասել է, որ դեպքի վերաբերյալ զրուցել է իր պաշտպանյալների հետ, բայց ասաց նաև՝զրույցը հրապարակման ենթակա չէ։