28/07/2016 16:27
Պավլիկ Մանուկյանը սկսել է ինքնուրույն շնչել. վիճակը կայուն ծանր է
Հուլիսի 26-ի գիշերը ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքում վիրավորված «Սասնա ծռեր» խմբի անդամ Պավլիկ Մանուկյանը սկսել է ինքնուրույն շնչել, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցոմ ասաց ՀՀ առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Անահիտ Հայթայանը:
«Արհեստական շնչառության ապարատն անջատվել է, վիճակը կայուն ծանր է՝ որոշ դրական շարժընթացով, բայց դեռևս գտնվում է վերակենդանացման բաժանմունքում»,-նշեց Ա. Հայթայանը:
Պավլիկ Մանուկյանը հիվանդանոց է ընդունվել զույգ ազդրերի հրազենային վնասվածքներով, աջ ազդոսկրի բազմաբեկոր կոտրվածքով։
Նշենք, որ Պավլիկ Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 219-րդ հոդվածի 3-րդ մասով և 235-րդ հոդվածով (Շենք շինությունների, հաղորդակցության ու տրանսպորտի միջոցների գրավում կազմակերպված խմբի կողմից և ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը):
Նրա նկատմամբ միջնորդություն է ներկայացվել խափանման միջոց կալանավորումը ընտրելու վերաբերյալ, բայց, նկատի ունենալով, որ Պավլիկ Մանուկյանը ցանկություն է հայտնել անձամբ ներկա գտնվել դատական նիստին, իսկ այս պահին վերջինիս վիճակը ծանր է, դեռ պարզ չէ, թե երբ է նշանակվելու դատական նիստը: