28/07/2016 20:17
Դեսպան Բաղդասարյանը հավատարմագրերը հանձնեց Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելլային
Իտալիայում ՀՀ դեսպան Վիկտորիա Բաղդասարյանն իր հավատարմագրերը հանձնեց Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջիո Մատարելլային:
Հավատարմագրերի հանձնման պաշտոնական արարողությունից հետո տեղի ունեցած առանձնազրույցի ժամանակ Իտալիայի նախագահը շնորհավորեց դեսպանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հաջողություն մաղթեց նրան` հավաստիացնելով, որ Իտալիայի պետական ատյաններն իրենց աջակցությունը կբերեն Հայաստանի և Իտալիայի միջև հարաբերությունների զարգացմանն ուղղված դեսպանի նախաձեռնություններին:
Դեսպան Բաղդասարյանը վստահեցրեց, որ իր պաշտոնավարման ընթացքում հնարավոր բոլոր ջանքերը կներդնի՝ հայ-իտալական բարեկամական հարաբերությունները և առկա համագործակցությունը էլ ավելի խորացնելու և ամրապնդելու ուղղությամբ:
Երկուստեք ընդգծվեց, որ երկու ժողովուրդների պատմական սերտ կապերն ու ընդհանուր արժեհամակարգը, ինչպես նաև Իտալիայում դարերի ներկայություն ունեցող հայ համայնքը կարևոր հիմք են հանդիսանում Հայաստանի և Իտալիայի միջև տարբեր ոլորտներում փոխշահավետ համագործակցությունը զարգացնելու համար: