28/07/2016 16:33
Իրավապաշտպան. Ոստիկանությունը փորձեց չեզոքացնել քաղաքացիական ակտիվությունը
Իրավաբան, «Իրավունքի գերակայություն» իրավապաշտպան հասարակական կազմակերպության ղեկավար Արա Ղազարյանը կարծում է, որ ոստիկանությունը Խորենացի փողոցում երեկվա գործողություններով փորձ է արել չեզոքացնել քաղաքացիական ակտիվությունը:
«Մենք տեսնում ենք, որ անձինք, որոնք բռնության կոչեր չեն հնչեցնում և գործողությունների չեն դիմում, մասայաբար, անկախ գտնվելու վայրից և անկախ ժամանակից, բերման են ենթարկվում: Սա խոսում է այն մասին, որ նպատակները՝ դե յուրե, այն է՝ հասարակական կարգ ու կանոն ապահովելը և դե ֆակտո չեն համընկում: Կա քողարկված նպատակ՝ չեզոքացնել քաղաքացիական ակտիվիզմը», - լրագրողների հետ հանդիպմանն ասաց Արա Ղազարյանը:
Իր հերթին, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը Խորենացի փողոցից բոլորին բերման ենթարկելը «զանգվածային ապօրինի գործողություն» որակեց
«Դա բռնարարք էր քաղաքացիների նկատմամբ, երբ նրանց ուղղակի չէին թողնում կանգնել այդ տարածքում՝ առանց որևէ ոչ միայն իրավական հիմնավորման, այլ ընդհանրապես՝ առանց որևէ հիմնավորման», - ասաց Ա.Սաքունցը:
Նա նաև ասաց, որ բոլոր բերման ենթարկվածները պետք է անհատապես դիմում գրեն Հատուկ քննչական ծառայություն:
Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը նշեց, որ Հայաստանի պետական ինստիտուտները «այդպես էլ չվարժվեցին հանրության հետ որևէ դիսկուսիաներ անել և հասկանալ՝ խնդիրներն ինչումն են»:
Ըստ ոստիկանության տվյալի, հուլիսի 27-ին Խորենացի փողոցից և հարակից տարածքից բերման է ենթարկվել 66 անց, նրանցից հինգտ ներկայացվել է Քննչական կոմիտե, մնացածը ազատ են արձակվել: