28/07/2016 09:31
ԵՄ-ը ցանկանում է հնարավորինս շուտ ստորագրել ՀՀ-ԵՄ շրջանակային համաձայնագիրը. Լեհաստանի դեսպան
Եվրոպական միությունը ցանկանում է հնարավորինս շուտ Հայաստանի հետ ստորագրել մշակման փուլում գտնվող ՀՀ-ԵՄ շրջանակային համաձայնագիրը, հայտնել է Հայաստանում Լեհաստանի դեսպան Մարեկ Նովակովսկին:
«Մենք հույս ունենք, որ ինչքան հնարավոր է շուտ Հայաստանի եւ Եվրոպական միության միջեւ կստորագրվի շրջանակային համաձայնագիրը, քանի որ այն կնախանշի Հայաստանի եւ Եվրոպական միության միջեւ համագործակցության շրջանակը, ինչը կարեւոր է առաջ շարժվելու համար», - Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանում Լեհաստանի դեսպան Մարեկ Նովակովսկին՝ հավելելով, որ համաձայնագրի շուրջ տարվող աշխատանքները ընթանում են ըստ ծրագրի:
Վերջինս, սակայն, դժվարացավ ժամկետներ նշել:
Լեհ դիվանագետը հայտնեց, որ Լեհաստանը իր հերթին շարունակելու է ակտիվ դերակատարություն ունենալ Հայաստանի եւ Եվրոպական միության միջեւ ներդաշնակության հասնելու համար:
«Եվրոպական միությունը շարունակում է մնալ Հայաստանի ամենամեծ տնտեսական գործընկերը, եւ մենք հավատում ենք, որ Հայաստանը մեր հասարակության անդամ է եւ մեր արժեքների կրողն է», - ասաց նա:
Վերջինս ընդգծեց, որ եւ ԵՄ անդամ երկրները, եւ Հայաստանը ունեն մեծ ցանկություն խորացնելու երկկողմ համագործակցությունը:
Եվրամիության արտաքին գործերի խորհուրդը անցյալ տարվա հոկտեբերի 13-ին Եվրահանձնաժողովին մանդատ է տվել Հայաստանի հետ բանակցություններ սկսել:
Սպասվում է, որ բանակցությունների ավարտից հետո Հայաստան-ԵՄ շրջանակային համաձայնագիր է ստորագրվելու, որի հիմքը լինելու է ԵՄ Ասոցացման համաձայնագիրը, որի շուրջ ԵՄ-ն եւ Հայաստանը բանակցել էին շուրջ չորս տարի:
Ասոցացման համաձայնագիրը եւ դրա մաս կազմող Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու մասին համաձայնագիրը չստորագրվեց, քանի որ Հայաստանը աննդամակցեց Եվրասիական տնտեսական միությանը: