29/07/2016 09:45
Հայաստանի գլխավոր դատախազը՝ «Սասնա ծռերի» գործողությունների իրավական կողմի և սպասվող պատժի մասին
«Սասնա ծռեր» զինված խմբի անդամների գործողությունների և դրանց իրավական հետևանքների շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի հետ: Aysor.am-ը ներկայացնում է հարցազրույցը՝ ամբողջությամբ:
-Պարոն Կոստանյան, այսօր ամենատարբեր գնահատականներով՝ մեր երկրում աննախադեպ իրավիճակ է: Մարդիկ զինված ապստամբություն են սկսել, սակայն իրավապահ համակարգը բռնություններով ճնշում է շարժումը: Մինչդեռ իրավաբանների կողմից տեսակետ հրապարակվեց, որ մարդու իրավունք ների միջազգային փաստաթղթերով պաշտպանված է «ապստամբության» իրավունքը: Այդ դեպքում ինչո՞ւ չի հարգվում այն:
-Չկա մարդու իրավունքների պաշտպանությանը նվիրված որևէ միջազգային կոնվենցիա, որով պաշտպանված է ապստամբության իրավունքը: Նման իրավունք չկա մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի պաշտպանած իրավունքների շարքում, նման իրավունք պաշտպանված չէ նաև ՄԱԿ-ի քաղաքական և քաղաքացիական իրավունքների մասին միջազգային դաշնագրով:
-Որպես հիմնավորում նշվում է ՄԱԿ-ի մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը:
-Նախ անհրաժեշտ է հաշվի առնել, որ մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը թեև չափազանց կարևոր և, կարելի է ասել, դարակազմիկ փաստաթուղթ է, սակայն ֆորմալ միջազգային իրավունքի տեսանկյունից այն ունի միայն խորհրդատվական նշանակություն: Հռչակագրի նախաբանի 3-րդ մասում, իսկապես, նշում կա ապստամբության մասին, սակայն տրամագծորեն այլ տեսանկյունից: Տրամաբանությունը հետևյալն է՝անհրաժեշտ է պաշտպանել հռչակագրում նշված իրավունքները, որպեսզի տեղի չունենա այնպիսի անցանկալի երևույթ, ինչպիսին ապստամբությունն է:
-Դա չի նշանակում արդյոք, որ եթե մարդկանց իրավունքները տարիներ շարունակ հետևողականորեն ոտնահարվում են ու չկա պայքարի այլ խաղաղ և քաղաքակիրթ մեթոդ, հնարավո՞ր է, որ մի օր էլ իրենց խախտված իրավունքները պաշտպանելու համար ապստամբեն, այդ թվում և զենքով: Ասել է թե՝ մարդիկ ինքնաբերաբար ստանում են ապստամբելու իրավունքը հենց ՄԱԿ-ի հռչակագրով:
-Ոչ, չի նշանակում, բացատրեմ՝ ինչու: Նախ՝ անհրաժեշտ է հասկանալ՝ ինչ նկատի ունենք «ապստամբություն» ասելով: Հռչակագրի անգլերեն հիմնական տեքստում օգտագործվում է rebellion բառը, որը կարող է թարգմանվել հայերեն նաև որպես «խռովություն» կամ «դիմադրություն»: Անհրաժեշտ է տարանջատել «ապստամբության» երկու տարբերակ՝ օրենքով չարգելված որևէ եղանակով կամ բռնության միջոցով: Այստեղ ապստամբություն ասելով՝ անհրաժեշտ է հասկանալ ժողովրդի մի հատվածի գործողությունները՝ ուղղված իշխանություններին կամ իշխանությունների որևէ որոշումը փոխելուն: Մեր օրենսդրությունը, ինչպես նաև Հայաստանի կողմից վավերացված մարդու իրավունքների միջազգային փաստաթղթերը, պարունակում են օրենքով չարգելված եղանակների բազմաթիվ հնարավորություններ:
-Այդ թվում և ապստամբությա՞ն:
-Օրինակ, իմ կարծիքով, խաղաղ հավաքը, երթը, ցույցը նման «ապստամբության» կամ դիմադրության վառ օրինակ են: Մյուս կողմից, երբ այդ «ապստամբության» կամ դիմադրության մեջ առկա է բռնության որևէ տարր, ապա մենք բախվում ենք մի չափազանց վտանգավոր իրավիճակի: Ստացվում է, որ մարդկանց մի խումբ որոշում է վերականգնել իր խախտված իրավունքները՝ խախտելով այլոց իրավունքները: Օրինակ՝ ոչ միայն միջազգային իրավունքի տեսանկյունից, այլ նաև առողջ դատողության տեսանկյունից աբսուրդային կլինի պնդել, որ որևէ միջազգային կամ ներպետական փաստաթուղթ կարող է իրավունք վերապահել որևէ անձի կամ անձանց խմբի՝ այլոց կյանքի կամ առողջության դեմ ոտնձգություն կատարելու եղանակով պաշտպանել իր խախտված իրավունքները:
Սա է պատճառը, որ մարդու իրավունքների պաշտպանությանը նվիրված հիմնական փաստաթղթերը պարունակում են նորմ, որ փաստաթղթում պաշտպանված որևէ իրավունք չի կարող օգտագործվել մեկ այլ անձի մեկ ուրիշ իրավունք ոտնահարելու համար: Օրինակ՝ մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 17-րդ հոդվածը: Իսկ Ձեր մատնանշած Հռչակագրի վերջին 30-րդ հոդվածը բառացիորեն նշում է՝ «Սույն Հռչակագրում ոչինչ չի կարող մեկնաբանվել որպես որևէ պետության, մարդկանց խմբի կամ առանձին անհատների ընձեռված իրավունք` զբաղվելու այնպիսի գործունեությամբ կամ կատարելու այնպիսի արարք, որոնք նպատակաուղղված լինեն սույն Հռչակագրում շարադրված իրավունքներն ու ազատություններն ի չիք դարձնելուն»:
-Այսպիսով, ըստ Ձեզ, միջազգային որևէ նորմով պաշտպանված չէ ապստամբելու իրավունքը: Այս համատեքստում պայքարի ծայրահեղ քայլին դիմած «Սասնա ծռեր» խմբավորման անդամներին ի՞նչ է սպասվում:
-Իրավական առումո՞վ նկատի ունեք:
-Անշուշտ, իրավական հանգուցալուծումը ո՞րն է:
-Դուք գիտեք, որ հարուցված է քրեական գործ, և իրավիճակը, ինքնին, դեռևս ակտիվ և զգայուն փուլում է, վարույթն իրականացնող մարմնի կողմից բազմաթիվ գործողություններ են իրականացվում, և հիմա իրավական հստակ գնահատական տալու համար դեռ վաղ է: Ինչ վերաբերում է Ձեր նշած հանգուցալուծմանը, ապա դա էլ ուղիղ կախված է հստակ իրավական գնահատականից: Հիմա իրավական հանգուցալուծման առումով որևէ կանխատեսում անելը ճիշտ չէ: