29/07/2016 10:01
Մահացության հաճախակի դեպքերի պատճառով «Սլավմեդ» ԲԿ-ն, հնարավոր է, զրկվի լիցենզիայից
Նախօրեին «Սլավմեդ» բժշկական կենտրոնում վիրահատությունից հետո երկու օր անց մահացել է 28-ամյա կին՝ ծննդկան։ «Սլավմեդ» բժշկական կենտրոնն, ինչպես հայտնի է, պատկանում է ԱԺ պատգամավոր Արկադի Համբարձումյանի՝ Դերժավայի Արկադիի ընտանիքին։
Համբարձումյանները հայտնի են ավտոմեքենաների ներկրմամբ զբաղվող «Սլավ մոթորս» ընկերությամբ և «Սնիկերս», «Մարս» ու մի շարք հանրահայտ ապրանքանիշների շոկոլադներ ներկրելու մենաշնորհով։ Սակայն վերջին տարիներին սկսել են իրենց ուժերը փորձել նաև առողջապահության ոլորտում։ Ու պետք է արձանագրենք, որ մահացության դեպքերը հաճախակի են։ Հիշեցնենք, որ այս տարվա ապրիլի 28-ին «Սլավմեդում» մահացել էր 38-ամյա Նաիրա Մուսայելյանը։
ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի հրամանով ստեղծվել է հանձնաժողով, որը ուսումնասիրելու ու գնահատելու է «Սլավմեդի» մանկաբարձագինեկոլոգիական ծառայության վիճակը։ «Ժողովուրդի» տեղեկություններով՝ չի բացառվում, որ կասեցվի ԲԿ-ի ծննդօգնության ծառայությունը կամ գործունեության լիցենզիան ընդհանրապես։