29/07/2016 20:33
ԱՄՆ դեսպանատուն. Հայաստանում տևական քաղաքական փոփոխությունների հասնելու համար սպառնալիքներն ու բռնությունն ընդունելի միջոցներ չեն
ԱՄՆ դեսպանատունը շարունակում է հետևել Էրեբունու ոստիկանական տարածքի իրադարձություններին ու ընթացող բողոքներին, տեղեկացնում են դեսպանատան լրատվական ծառայությունից:
«Մենք վերահաստատում ենք առավելագույն զսպվածություն հանդես բերելու, օրենքի սահմաններում գործելու ու իրավիճակին խաղաղ հանգուցալուծում տալու մեր կոչն ուղղված բոլոր կողմերին:
Մենք խորապես մտահոգ ենք պատանդների հետ կապված շարունակվող իրավիճակով և կոչ ենք անում անհապաղ, անվնաս ու առանց պայմաններ առաջ քաշելու ազատ արձակել չորեքշաբթի օրվանից գերված բուժաշխատողներին, ու բոլոր նրանց, ովքեր ցանկանում են հեռանալ Էրեբունու ոստիկանական տարածքից:
Վերահաստատում ենք, որ Հայաստանում տևական քաղաքական փոփոխությունների հասնելու համար սպառնալիքներն ու բռնությունն ընդունելի միջոցներ չեն:
ՀՀ կառավարությանը և ուժային կառույցներին հորդորում ենք կարգը պահպանել այնպես, որ ապահովված լինեն Հայաստանի բոլոր քաղաքացիների ազատ արտահայտվելու ու խաղաղ հավաքներ անցկացնելու իրավունքները և երաշխավորված լինի, որ ոստիկանության կողմից բերման ենթարկված բոլոր անձանց հանդեպ լինի արդարացի վերաբերմունք ու ապահովվեն օրենքով նախատեսված պատշաճ իրավական գործընթացներ», - ասված է ԱՄՆ դեսպանատան հայտարարության մեջ: