29/07/2016 16:51
Գառնիկ Իսագուլյան. 1980-ին Ժնևում Ալեք Ենիգոմշյանը ահաբեկչական ակտ էր նախապատրաստում Վահե Գարմաշի դեմ
Տեղեկությունները, թե ԱՍԱԼԱ-ի մարտիկ, «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ալեք Ենիգոմշյանը 1980 թ-ին Ժնևում ահաբեկչական գործողոթյուն էր պատրաստում թուրքական դեսպանատան դեմ՝ չի համապատասխանում իրականությանը, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ազգային անվտանգություն» կուսակցության ղեկավար Գառնիկ Իսագուլյանը.
«Քանի որ պարոն Ենիգոմշյանը թույլ է տվել իմ ընկերոջը՝Վիտալի Բալասանյանին, վարկաբեկել ու ստախոս անվանել, ես կներկայացնեմ պարոն Ենիգոմշյանի կյանքից մի երկու դրվագ», - ասաց Գառնիկ Իսագուլյանը:
Նա նշեց, որ 1980 թվականին Ժնևում Ալեք Ենիգոմշյանն ու Սյուզի Մահսերեջյանը ահաբեկչական ակտ են նախապատրաստել ոչ թե թուրքական դեսպանատան, այլ՝ հայ բարերար Վահե Գավրաշի դեմ:
«Ռումբը հյուրանոցի համարում պայթել է իր ձեռքերում, որովհետև սխալ է միացրել: Ենիգոմշյանն այդ ժամանակ կորցրել է ձեռքը և տեսողությունը: Նախ թող ինքը պատասխանի, թե ո՞ւմ դեմ էր պատրաստված այդ ահաբեկչական գործողությունը: Շատերի մոտ այն թյուր կարծիքը կա, որ թուրքական դեսպանատան կամ որևէ բանի նկատմամբ: Ասեմ, որ դա չի համապատասխանում իրականությանը: Թող ինքը պատասխանի, բայց ես կտամ մի մարդու անուն՝ Վահե Գավրաշ՝ բարերար և բարեգործ, որը հիմա ՀՀ քաղաքացի է դարձել ու շատ է օգնում ԼՂՀ-ին բազմաթիվ գործողություններում: Ի՞նչ է հայտնաբերվել պարոն Ենիգոմշյանի գրպանում՝ արդյոք թուրքական դեսպանատան նախագի՞ծը, թե՞ ուրիշի տան նախագիծը, որից իրենք պահանջել են փող, իսկ նա հրաժարվել է տալ»,- ասաց Գառնիկ Իսագուլյանը: