29/07/2016 21:40
Գորիսում 11 տարեկան երեխային մահացու վրաերթի ենթարկած վարորդը ձերբակալվել է
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ 11-ամյա երեխային վրաերթի ենթարկելու և ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը թողնելու դեպքի առթիվ: Վրաերթ կատարած վարորդը ձերբակալվել է, տեղեկացնում են Քննչական կոմիտեի լրատվական ծառայությունից:
Ավելի վաղ հայտնել էինք, որ 2016 թվականի հուլիսի 28-ին՝ ժամը 19:50-ին, հաղորդում է ստացվել այն մասին, որ Գորիս քաղաքի Անկախության փողոցում երեխա է վրաերթի ենթարկվել:
Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննիչը՝ փորձագետների հետ միասին, և ձեռնարկվել անհետաձգելի քննչական գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու համար։
Նախնական տվյալներով՝ 11-ամյա երեխան վրաերթի է ենթարկվել ժամը 19:40-ի սահմաններում՝ «Mercedes Benz C180» մակնիշի ավտոմեքենայի կողմից Գորիս քաղաքի Անկախության փողոցում, որտեղից վարորդը դիմել է փախուստի։ Երեխան ստացած մարմնական վնասվածքներից մահացել է: