29/07/2016 15:03
Զինված խմբի անդամները որոշ դեպքերում կարող են ազատվել քրեական պատասխանատվությունից. Գևորգ Կոստանյան
ՀՀ Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը կոչ է արել ոստիկանության ՊՊԾ գունդ մտած «Սասնա ծռեր» խմբի անդամներին վայր դնել զենքերը, կամովին հանձնել պատանդներին և ազատել գնդի տարածքը:
«Շանթ» հեռուստաընկերության եթերում գլխավոր դատախազը ներկայացրել է այն իրավական հիմքերը, որոնցով նշված պայմանները կատարելու դեպքում զինված խմբի անդամները կօգտվեն օրենսդրությամբ նախատեսված խրախուսական նորմերից. կմեղմվի նրանց քրեական պատասխանատվության չափը կամ, որոշ դեպքերում, նրանք կազատվեն քրեական պատասխանատվությունից:
Գևորգ Կոստանյանը մանրամասնել է, որ «Սասնա ծռեր» խմբի ձերբակալված և կալանավորված անդամների նկատմամբ այս պահի դրությամբ քրեական գործեր են հարուցված Քրեական օրենսգրքի 219 և 235 հոդվածների հատկանիշներով՝ շենքեր, շինություններ, կապի և տրանսպորտի միջոցներ վերցնելը, ապօրինի զենք -զինամթերք պահելը: Բայց սա դեռ չի նշանակում, որ իրավական գործընթացն ավարտված է, քանի որ զինված խումբը շարունակում է հանցածին բնույթ ունեցող գործողությունները:
Քրեական օրենսգրքի 218-րդ հոդվածը վերաբերում է պատանդներ պահելուն:
Գ. Կոստանյանն ընդգծել է, որ պատանդ պահելու և շենքեր շինություններ գրավելու վերաբերյալ երկու հոդվածները ունեն խրախուսական նորմեր. եթե անձիք կամովին բաց են թողնում պատանդներին, կամովին ազատում են շենքերն ու շինությունները, չեն ենթարկվում քրեական պատասխանատվության, եթե նրանց արարքները այլ հանցակազմեր չեն պարունակում:
«Այն անձիք, որոնք ապօրինի զենք-զինամթերքով են գտնվում այնտեղ, եթե պատանդներին բաց թողնեն, պատասխանատվության կենթարկվեն առավելագույնն ապօրինի զենք- զինամթերք պահելու համար: Մյուս երկու արարքների համար ընդհանրապես որևէ պատասխանատվության չեն ենթարկվի»,- ընդգծել է գլխավոր դատախազը:
Միևնույն ժամանակ նա նշել է՝ բոլորովին այլ հարց է ոստիկանի սպանությունը: Սպանության փաստով քրեական գործ դեռ չի հարուցվել:
«Երբ մենք քննությամբ պարզենք, թե այդ անձանցից որ մեկն է սպանել ոստիկանին, նրան մեղադրանք կառաջադրվի նաև սպանության համար»,- ասել է Գ. Կոստանյանը:
Ստեղծված իրավիճակի խաղաղ հանգուցալուծման միակ ձևը գլխավոր դատախազը համարում է «Սասնա ծռերի» կամովին զինաթափումը:
«Որքան շուտ զենքերը վայր դնեն, այնքան շուտ կլուծվի նրանց քրեական պատասխանատվությունից ազատելու խնդիրը: Երկրորդ՝ դա բոլոր բացասական հետևանքները կմեղմացնի և, ըստ էության, կվերացնի: Միակ ելքն է՝ օգտվել խրախուսական նորմերից, որոնք օրենսդրությունը նախատեսում է»,- ասել է գլխավոր դատախազը:
Ի դեպ, սա գլխավոր դատախազի առաջին հրապարակային ելույթն է՝ հուլիսի 17-ին ծավալված հայտնի իրադարձություններից հետո:
Իր լռությունը Գ. Կոստանյանը բացատրել է գլխավոր դատախազության գործառույթներով. նախաքննություն, հետաքննություն սկսվելուց, քրեական գործեր հարուցվելուց հետո է միայն գլխավոր դատախազությունը հսկողություն իրականացնում գործընթացի օրինականության նկատմամբ:
Ըստ Կոստանյանի, իրադարձությունները զարգացման փուլում են, դրանց անմիջապես արձագանքելն ու գնահատական հնչեցնելը իրավաչափ չէր լինի: