29/07/2016 16:05
«Ես միշտ էլ զիլ եմ եղել». Լևոն Բարսեղյանն ազատության մեջ է
Բոլորն արդեն կարող են ունենալ 1200 դրամանոց այս դանակից, այն այլևս սառը զենք չէ, Շենգավիթի Քննչական բաժնից դուրս գալուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց Գյումրիի լրագրողների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը:
«Վկայական արդեն ունենք, որն ասում է, որ սա այլևս սառը զենք չէ», - նշեց Լ.Բարսեղյանը:
Նա ասաց, որ իր նկատմամբ խոշտանգումներ Քննչականի և ՁՊՎ-ի մասով չի եղել: «Բայց Շենգավիթի ու Կումայրիի ոստիկանության մասով եղել է արժանապատվությունը նվաստացնող ու անմարդկային վերաբերմունք: Ինձ առանց որևէ հիմքի պահել են 16 ժամ շարունակ, երբ բերման ենթարկելուց հետո պետք է 3 ժամ անց ազատ արձակեին», - ասաց Գյումրիի լրագրողների «Ասպարեզ» ակումբի նախագահը:
Բարսեղյանը նշեց, որ այդ ամբողջ ընթացքում իրեն թույլ չեն տվել օգտվել զուգարանից: «Ջուր եմ խնդրել, ասել են առաջին հարկում է, իսկ մենք երրորդում ենք», - ասաց նա:
Առողջականի վերաբերյալ հարցին էլ պատասխանեց. «Ես միշտ էլ զիլ եմ եղել»: