29/07/2016 09:37
Զինյալների կողմից պատանդ պահված բուժակը սթրեսի մեջ է
ՀՀ ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքից ազատ արձակված 23-ամյա բուժակ Դավիթ Տոնոյանը հրաժարվում է խոսել։ Երեկ «Հայկական ժամանակի» թղթակիցն այցելել է նրա բնակարան՝ փորձելու պարզել, թե ինչպես է իրեն զգում, ինչի՞ է ականատես եղել ՊՊԾ գնդի տարածքում։
Թերթի թղթակցին ասել են, որ Դավիթը տանը չէ, գնացել է լեռնային Ղարաբաղի զորամասերից մեկում իր ծառայությունն իրականացնող եղբոր՝ Հայկի մոտ։
Հարցին, թե ինչպե՞ս էր իրեն զգում, ինչ է պատմել Դավիթը, նրանց տանը այդ պահին գտնվող Օնիկ անունով երիտասարդը պատասխանել է, որ Դավիթն իրեն լավ է զգում, սակայն չի ուզում խոսել։
«Մեզ բառ անգամ չի պատմել, որովհետև եկել է ու պառկել է քնելու, առավոտյան էլ արթնացել ու հոր հետ գնացել է առևտուր անելու, որ էսօր երեկոյան գնա եղբոր մոտ»,- ասել է նա։
Դավիթ Տոնոյանը երեկ աշխատանքի չէր։ «Շտապօգնություն» ՓԲԸ տնօրեն Թագուհի Ստեփանյանը թերթի թղթակցի հարցին ի պատասխան ասել է, որ նա մի քանի օրը մեկ է աշխատանքի լինում, իսկ այսօր (երեկ) նրա հերթը չէ։ Ստեփանյանն ասել է, որ ինքը խոսել է Դավիթի հետ, սակայն մանրամասներ չի պարզել. «Սթրեսի մեջ է, իր մոտ լուրջ վիճակ է »,- ասել է նա և հավելել, որ, հավանաբար, դրանով է պայմանավորված Դավիթին ազատ արձակելը։