29/07/2016 12:47
Հայաստանի 1 շնչին ընկնող ՀՆԱ-ն 2016-ին՝ ըստ ԱՄՀ կանխատեսման կկազմի 3602 դոլար
Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) կանխատեսման համաձայն՝ 1 շնչին ընկնող անվանական ՀՆԱ-ն 2016-ի տարեկան արդյունքներով Հայաստանում կկազմի 3602 դոլար:
2015-ի արդյունքներով՝ այդ ցուցանիշը 3534 դոլար էր եւ Հայաստանը 117-րդն է 186 երկրների շարքում:
ԱՄՀ կանխատեսմամբ՝ մեր հարեւանությամբ կգտնվեն մեր աշխարհագրական երկու հարեւանները՝ Վրաստանը եւ Ադրբեջանը:
Վրաստանի համար կանխատեսումը 1 շնչին ընկնող անվանական ՀՆԱ-ն 3790 դոլար է, իսկ Ադրբեջանի համար՝ 3701 դոլար:
Նշենք, որ այս ցուցանիշով 2015-ին Վրաստանի ցուցանիշը շատ մոտ էր 2016-ի համար կանխատեսվողին եւ կազմել էր 3788 դոլար, իսկ ահա Ադրբեջանում լուրջ անկում է կանխատեսվում, քանի որ 2015-ին 1 շնչին ընկնող ՀՆԱ-ն այս երկրում կազմել էր 5739 դոլար, իսկ 2014-ին՝ 8055 դոլար:
Նախկին խորհրդային հանրապետություններից Ղազախստանի համար կանխատեսվում է 6471 դոլար (2015-ին՝ 9795 դոլար), Ռուսաստանի համար` 7742 դոլար (2015-ին՝ 9054 դոլար), Թուրքմենստանի համար` 6479 դոլար (2015-ին՝ 6622 դոլար), Բելառուսի` 4885 դոլար (2015-ին՝ 5749 դոլար):
Հայաստանից ցածր դիրքեր են զբաղեցնում նախկին խորհրդային երկրներից Ուզբեկստանը՝ կանխատեսելով 1 շնչին ընկնող 1966 դոլար (2015-ին՝ 2120 դոլար), Ուկրաինայի համար՝ 1854 դոլար (2015-ին՝ 2004 դոլար), Մոլդովայի համար` 1712 դոլար (2015-ին՝ 1804 դոլար), Ղրղզստանի համար` 995 դոլար (2015-ին՝ 1112 դոլար), Տաջիկստանի համար` 721 դոլար (2015-ին՝ 922 դոլար):
Նշենք, որ 1 շնչին ընկնող ՀՆԱ-ի ցուցանիշն ըստ էության, ցույց է տալիս տվյալ երկրի զարգացման եւ բարեկեցության աստիճանը: