29/07/2016 15:38
ՀՀ ԱՆ բոլոր քրեակատարողական հիմնարկներում իրականացվում են սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային գործողությունների բարելավմանն ուղղված աննախադեպ աշխատանքներ. վարչություն
ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկների սանիտարահիգիենիկ վիճակի մասին տարաբնույթ մեկնաբանություններին ի պատասխան` քրեակատարողական վարչությունը հարկ է համարում տեղեկացնել, որ ս/թ ապրիլի 19-ին «Երևանի կանխարգելիչ ախտահանում» ՓԲԸ-ի հետ կնքնված պայմանագրի շրջանակներում ՀՀ ԱՆ բոլոր քրեակատարողական հիմնարկներում շարունակաբար իրականացվում են սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային գործողությունների բարելավմանն ուղղված նախորդ տարիների համեմատ աննախադեպ աշխատանքներ, հայտնում է ԱՆ քրեակատարողական հիմնարկների վարչության հանրային կապերի բաժինը:
Նշվում է, որ այս ուղղությամբ կատարված աշխատանքները պարբերաբար լուսաբանվել են Քրեակատարողական ծառայության www.ced.am պաշտոնական կայքէջում:
Մասնավորապես, հուլիսի 7-ին և 26-ին, սահմանված չափորոշիչներին համապատասխան, ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում կատարվել են ախտահանման և մակաբույծների ոչնչացմանն ուղղված աշխատանքներ:
ՔԿ հիմնարկների բուժմասերի, բնակելի գոտիների, սանհանգույցների և խոհանոցների ախտահանման և մակաբույծների ոչնչացման աշխատանքները կրում են շարունակական բնույթ, և այսուհետ ևս դրանք կկատարվեն յուրաքանչյուր շաբաթվա երեքշաբթի օրը: