30/07/2016 12:57
«Ազատ Եվրոպա/Ազատություն» ռ/կ նախագահը դատապարտել է հարձակումները լրագրողների նկատմամբ
«Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի նախագահ Թոմաս Քենթը դատապարտել է հարձակումները զինված անձանց կողմից գրավված Էրեբունու ոստիկանական շենքի մոտակայքում ոստիկանության և ցուցարարների միջև տեղի ունեցած բախումները լուսաբանող «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության երեք լրագրողների նկատմամբ:
«Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանը վրդովված է իրենց մասնագիտական պարտականությունները կատարող լրագրողների դեմ այս հարձակմամբ: Մենք ակնկալում ենք, որ Հայաստանի իշխանությունները արդարադատության առջև կկանգնեցնեն հարձակվողներին և կպաշտպանեն իրենց օրինական աշխատանքը կատարող լրագրողներին», - հայտարարել է Քենթը։
«Երեք լրագրողները՝ Կարլեն Ասլանյանը, Հովհաննես Մովսիսյանը և Գարիկ Հարությունյանը, հարձակման և ծեծի են ենթարկվել մահակներով և մետաղյա ձողերով զինված քաղաքացիական հագուստով անձանց մեծ խմբի կողմից, երբ ոստիկանական շենքի մոտից ետ էին դառնում դեպի Երևանի կենտրոն: Այդ անձինք, որոնք առերևութաբար ոստիկանության սպաներ էին, հստակաբար տեղյակ էին, որ հարձակվում են լրագրողների վրա։ Մովսիսյանը հեռախոսով հայտնել է «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանին, որ երբ վազում էր՝ փորձելով ավելի անվտանգ վայր գտնել, այդ տղամարդկանցից մեկը հարցրել է՝ «նկարո՞ւմ ես», ապա հարվածել Մովսիսյանին, կոտրել նրա տեսախցիկը և պոկել նրա լրագրողական տարբերանշանը: «Ես նրանց ասացի, որ էլ չեմ նկարում, բայց նրանք շարունակում էին խփել ինձ», - հայտնում է «Ազատություն»-ը:
«Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի մյուս երկու լրագրողները ևս վնասվածքներ են ստացել, ապա Երևանի Սարի թաղ թաղամասի մեկ այլ փողոցով վազել են դեպի ավելի անվտանգ վայր», - նշված է ռադիոկայանի հաղորդագրությունում։
Հիշեցնենք, որ երեկ գիշեր քաղաքացիական հագուստով անձանց կողմից ծեծի են ենթարկվել նաև «Արմենիա» հեռուստաընկերության «ԺԱՄԸ» լրատվականի թղթակից Աղվան Ասոյանը և օպերատոր Ալբերտ Գալստյանը, ինչպես նաև՝ վիրավորվել են «Առաջին լրատվական»-ի ուղիղ եթերում աշխատող թիմի լրագրող Մարիամ Գրիգորյանն ու օպերատոր Դավիթ Հարությունյանը, նաև՝ Lifenews.ru-ի օպերատորը, տուժել են «Ա1+»-ի լրագրողն ու օպերատորը, News.am-ի լրագրողն ու Panorama.am-ի օպերատորը:
Ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը արձագանքել է լրագրողների նկատմամբ կիրառված բռնություններին. «ՊՊԾ գնդի անվտանգության գոտին ճեղքել փորձող անձանց դեմ ոստիկանությունը հատուկ միջոցներ է կիրառել: Տեղի է ունեցել բախում, ինչի հետևանքով, ցավոք, տուժել են նաև լրատվամիջոցների ներկայացուցիչներ, ըստ նախնական տվյալների՝ կա վնասված տեխնիկա: Լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ կապված բոլոր միջադեպերն անհապաղ քննության կառնվեն, կպարզվեն հանգամանքները, ինչի մասին լրացուցիչ կհայտնվի», - Facebook-յան իր էջում գրել է Ահարոնյանը:
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը ևս արձագանքել է՝ հայտարարելով, որ կուսումնասիրի հաղորդումները, ըստ որոնց՝ լրագրողների նկատմամբ հարձակումներ գործած անձինք քաղաքացիական հագուստով ոստիկաններ էին։