30/07/2016 12:52
«Էրեբունի» ԲԿ-ում տուժածներից 3-ը վերակենդանացման բաժանմունքում են
Գիշերը Սարի թաղում ոստիկանների և քաղաքացիների միջև տեղի ունեցած բախումների հետևանքով «Էրեբունի» ԲԿ է տեղափոխվել 16 տուժած:
«7-ը դուրս են գրվել, այս պահին հիվանդանոցում բուժում է ստանում 9 հիվանդ», - լրագրողների հետ զրույցում ասաց «Էրեբունի» ԲԿ-ի գործադիր տնօրեն Միքայել Մանուկյանը:
Նրա խոսքով՝ վիրավորներից 3-ը գտնվում են վերակենդանացման բաժանմունքում:
«Երեքից մեկը «Սասնա ծռեր» խմբի անդամ, ՊՊԾ գնդում վիրավորված Արամ Լամբարյանն է, առավոտյան անջատվել է արհեստական շնչառական ապարատից, հիմա վիճակը կայուն է: Երկրորդը բավականին ծանր է՝ որովայնի հրազենային վնասվածքով ոստիկան է, երեկ անհապաղ վիրահատություն ենք կատարել որովայնի վրա: Մյուսը քաղաքացի է, որի մոտ կար ծնոտի կոտրվածք, երեկ երեկոյան վիրահատվել է, հիմա վիճակը ծանր է գնահատվում: Մի քանի ժամից կտեղափոխեն հիվանդասենյակ: Այս պահին մեզ մոտ գտնվող վիրավորվածներից 6-ը ոստիկան են, երկուսը քաղաքացիական», -նշեց Մ. Մանուկյանը։