30/07/2016 12:28
Ալեք Ենիգոմշյանի համար համապատասխան պայմաններ չեն ստեղծվել. Զարուհի Բաթոյան
Հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպանություն ազգային դաշինքի տնօրեն Զարուհի Բաթոյանը մամուլի հաղորդագրություն է տարածել՝ նշելով, որ խոսել է Ալել Ենիգոմշյանի իրավապաշտպան Նիկոլայ Բաղդասարյանի հետ, ով նշել է, որ իր պաշտպանյալին չեն տրամադրում գրելու և կարդալու համար անհրաժեշտ պայմաններ՝ Բրայլյան համակարգ կամ համակարգիչ:
«Իրավապաշտպանը նշեց, որ Ենիգոմշյանը ոչ թե հրաժարվում է որևէ փաստաթուղթ ստորագրելուց, այլ դրանց բովանդակությանը հնարավորություն չունի ծանոթանալու, հետևաբար նաև չի կարող ստրագրել դրանց տակ: Նրա փոխարեն երկու կարևոր փաստաթուղթ ինքն է ստորագրել, սակայն դեղերի տրամադրման և այլ անհրաժեշտ փաստաթղթերի տակ Ենիգոմշյանը ստորագրելու հնարավորություն դեռևս չունի: Իրավապաշտպանը նշեց, որ իր պաշտպանյալը չունի համապատասխան պայմաններ ինքնուրույն ջուր խմելու և սնվելու համար, պայմանների բացակայության պատճառով այժմ նրան օգնում են տեղում:
Թեև Նիկոլայը ուղիղ տեքստով դա չասաց, բայց ես զրույցից հասկացա, որ այդ օգնությունը տրամադրում են, որպեսզի իրենց «խնդրանքով» Ենիգոմշյանը համաձայնի, որ փաստաթղթերը իր փոխարեն ստորագրի իրավապաշտպանը: Նիկոլայ Բաղդասարյանը նշեց նաև, որ որպես թարգմանիչ հրավիրել են Կույրերի մշակույթի պալատի տնօրենին, որ որոշ բաներ այնուամենայնիվ վերածի Բրայլյան այբուբենի:
Հիշեցնեմ, որ 2010 թվականից Հայաստանը վավերացրել է Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիան, որն ամրագրում է անձի ազատությունը և անվտանգությունը.
«Մասնակից պետություններն ապահովում են, որ եթե հաշմանդամություն ունեցող անձինք ազատազրկվեն դատական որևէ գործընթացի արդյունքում, ապա նրանք այլ անձանց հետ հավասար հիմունքներով ունենան մարդու իրավունքների միջազգային իրավունքին համապատասխան տրվող երաշխիքների իրավունք, և նրանց վերաբերվեն սույն Կոնվենցիայի նպատակներին ու սկզբունքներին համաձայն` տրամադրելով նաև անհրաժեշտ հնարավորություններ»:
Ըստ կոնվենցիայի սահմանման` «անհրաժեշտ հնարավորություններ» նշանակում են` անհրաժեշտ հատուկ դեպքերում համապատասխան փոփոխությունների կամ շտկումների կատարում` ապահովելու համար հաշմանդամություն ունեցող անձանց` մյուսների հետ հավասար հիմունքներով մարդու իրավունքներից և հիմնարար ազատություններից օգտվելն ու դրանց կիրառումը:
Նիկոլայ Բաղդասարյանը նշեց, որ համակարգի աշխատակիցները փորձում են օգնել, բայց քանի որ նման փորձ չեն ունեցել, և պետությունը որևէ միջոց չի ձեռնարկել անհրաժեշտ պայմաններ ապահովելու համար, նրանք չեն կարողանում հնարավորություններ ապահովել», - հայտարարել է Զարուհի Բաթոյանը: