30/07/2016 17:56
Արցախի սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը ներկայացվել է նախագահին
Արցախի Ազգային ժողովում տեղի է ունեցել սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի հերթական նիստը, փոխանցում է ԼՂՀ ԱԺ մամուլի ծառայությունը:
Ամփոփելով հանրային քննարկումների արդյունքները՝ հանձնաժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը նշել է, որ քննարկումների ընթացքում ներկայացված կարծիքներն ու գաղափարները օգտակար էին ու հետաքրքիր և դրանք նպաստել են հանձնաժողովի ամփոփիչ եզրակացությունների ձևավորմանը:
Մասնագիտական հանձնաժողովը միաձայն քվեարկությամբ հաստատել է սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը, որը ԼՂՀ նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի գործունեության կարգի համաձայն առաջարկվել է Հանրապետության Նախագահի հավանությանը:
Հայեցակարգը հավանության արժանանալուց հետո մասնագիտական հանձնաժողովը կշարունակի աշխատանքները՝ սահմանադրական բարեփոխումների նախագծի մշակման ուղղությամբ: