30/07/2016 11:28
«Սասնա ծռեր»-ի անդամներ Գագիկ Եղիազարյանը և Արամ Հակոբյանը կալանավորվել են
«Սասնա ծռեր» զինված խմբի անդամներ Գագիկ Եղիազարյանը և Արամ Հակոբյանը կալանավորվել են, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց փաստաբան Լուսինե Հակոբյանը:
Վերջինս հայտնեց, որ դատարանը երեկ ուշ երեկոյան բավարերել է քննիչների միջնորդությունը՝ նրանց նկատմամբ կալանքը կիրառել որպես խափանման միջոց: Գագիկ Եղիազարյանն ու Արամ Հակոբյանը տեղափոխվել են ԱԱԾ մեկուսարան:
«Նրանց նկատմամբ նախօրեին առաջադրվել է մեղադրանք ՀՀ Քրեական օրենսգրքի 219-րդ հոդված 3-րդ մասի 1-ին կետով (Կազմակերպված խմբի կողմից՝ շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելը) և 235-րդ հոդվածի 3-րդ մասով (Կազմակերպված խմբի կողմից՝ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը)», - տեղեկացրեց փաստաբան Լուսինե Հակոբյանը:
«Իրենք առաջադրված մեղադրանքը չեն ընդունում», - ընդգծեց նա:
Պաշտպանը հայտնեց, որ վերաքննիչ բողոք է ներկայացնելու, քանի որ երկուսի դեպքում էլ կալանքի որոշումներն անհիմն են:
«Քննիչները որևէ ապացույց չեն ներկայացրել իրենց միջնորդությունները հիմնավորելու համար», - ասաց փաստաբանը:
Հուլիսի 27-ին ոստիկանությունը հայտարարել էր, որ ՊՊԾ գնդի տարածքում իրավապահներին են հանձնվել զինված խմբի անդամներ Գագիկ Եղիազարյանն ու Արամ Հակոբյանը: