30/07/2016 14:07
ԶԼՄ երկու ներկայացուցիչ շարունակում է բուժում ստանալ հիվանդանոցում
Այս պահի դրությամբ ԶԼՄ 2 ներկայացուցիչ շարունակում է բուժում ստանալ բուժկենտրոնում:
Առողջապահության նախարարությունից Aysor.am-ին հայտնեցին, որ նրանք գտնվում են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում:
«Նրանց վիճակը գնահատվում է լավ, որևէ վտանգ չկա: Վնասվածքները մակերեսային են», - նշեցին նախարարությունից:
Aysor.am-ի տեղեկություններով՝ հիվանդանոցում բուժում են ստանում «Ա1+»-ի լրագրողն ու ռուսական Lifenews-ի օպերատորը:
Հիշեցնենք, որ երեկ գիշեր քաղաքացիական հագուստով անձանց կողմից ծեծի են ենթարկվել նաև «Արմենիա» հեռուստաընկերության «ԺԱՄԸ» լրատվականի թղթակից Աղվան Ասոյանը և օպերատոր Ալբերտ Գալստյանը, ինչպես նաև՝ վիրավորվել են «Առաջին լրատվական»-ի ուղիղ եթերում աշխատող թիմի լրագրող Մարիամ Գրիգորյանն ու օպերատոր Դավիթ Հարությունյանը, նաև՝ Lifenews.ru-ի օպերատորը, տուժել են «Ա1+»-ի լրագրողն ու օպերատորը, News.am-ի լրագրողն ու Panorama.am-ի օպերատորը:
Ծեծի են ենթարկվել նաև «Ազատության» լրագրողներ Հովհաննես Մովսիիսյանին ու Կառլեն Ասլանյանին: Նրանք հարվածներ են ստացել գլխի և պարանոցի շրջանում: Այրվածքներ է ստացել ռադիոկայանի օպերատոր Գարիկ Հարությունյանը:
Ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը արձագանքել է լրագրողների նկատմամբ կիրառված բռնություններին. «ՊՊԾ գնդի անվտանգության գոտին ճեղքել փորձող անձանց դեմ ոստիկանությունը հատուկ միջոցներ է կիրառել: Տեղի է ունեցել բախում, ինչի հետևանքով, ցավոք, տուժել են նաև լրատվամիջոցների ներկայացուցիչներ, ըստ նախնական տվյալների՝ կա վնասված տեխնիկա: Լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ կապված բոլոր միջադեպերն անհապաղ քննության կառնվեն, կպարզվեն հանգամանքները, ինչի մասին լրացուցիչ կհայտնվի», - Facebook-յան իր էջում գրել է Ահարոնյանը:
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը ևս արձագանքել է՝ հայտարարելով, որ կուսումնասիրի հաղորդումները, ըստ որոնց՝ լրագրողների նկատմամբ հարձակումներ գործած անձինք քաղաքացիական հագուստով ոստիկաններ էին։