30/07/2016 19:40
Թագուհի Ստեփանյան. Չենք կարող կապվել ՊՊԾ գնդում գտնվող բուժաշխատողների հետ
«Շտապօգնությունը» տեղեկություններ չունի այս պահին Էրեբունու պաշարված ՊՊԾ գնդի ներսում գտնվող իր երկու բուժաշխատողներից: Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Շտապօգնություն» ՓԲԸ տնօրեն Թագուհի Ստեփանյանը:
«Մենք փորձել ենք կապ հաստատել ներսում գտնվող բուժաշխատողների հետ: Զանգին պատասխանել է անձ, ով չի ներկայացել և հրաժարվել հեռախոսը փոխանցել մեր բուժաշխատողներին: Այնպես, որ մենք ևս տեղեկություններ չունենք նրանցից»,- ասաց Թագուհի Ստեփանյանը:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ԱԱԾ-ն ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» խմբին հանձնվելու համար վերջնաժամկետ էր տվել մինչև այսօր՝ ժամը 17:00-ն, որից հետո պետք է լինեին նախահարձակ գործողություններ:
Սահմանված ժամից հետո ՊՊԾ գնդի տարածքում կրակոցներ են հնչել, իսկ ավելի ուշ ոստիկանության լրատվության վարչության պետը հաղորդագրություն էր տարածել, ըստ որի, ՊՊԾ գնդի տարածքից արձակած դիպուկահարի կրակոցից սպանվել է 30-ամյա ոստիկան Յուրի Տեփանոսյանը: