30/07/2016 13:03
Երեկ տեղի ունեցած միջադեպի հետևանքով Երևանի բուժհաստատություններ դիմած 73 անձանցից 26-ը դեռ հիվանդանոցում է
Խորենացի փողոցում և Սարի թաղում երեկ տեղի ունեցած միջադեպի հետևանքով մայրաքաղաքի բժշկական հաստատություններ տարբեր վնասվածքներով դիմած 73 անձանցից հիվանդանոցային բուժումն այս պահի դրությամբ շարունակում է 26-ը, որից 6-ը` ոստիկան, տեղեկացնում է առողջապահության նախարարության մամուլի խոսանակ Անահիտ Հայթայանը իր Facebook-յան էջում:
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն դիմած 50 քաղաքացուց 36-ը դուրս է գրվել, մեկը տեղափոխվել է Ճառագայթային բժշկության և այրվածքների կենտրոն։ Այս պահին այստեղ հիվանդանոցային բուժում է ստանում 13-ը։ Մեկ քաղաքացու աչքը վիրահատվել է, հեռացվել է վնասված ակնագունդը», - հայտնում է նա։
Վերջինս նշում է, որ երեկ «Էրեբունի» բժշկական կենտրոն է դիմել 16 անձ, որից 12-ը` ոստիկան, 2-ը` զինյալ խմբից։
«Այս պահի դրությամբ բուժումը շարունակում է 8-ը։ Ինչպես որովայնային հրազենային վնասվածքով ոստիկանը, այնպես էլ 2 զինյալը վիրահատությունից հետո վերակենդանացման բաժանմունքում են», - հայտնում է Ա.Հայթայանը։
«2 տուժած բուժումը շարունակում է «Հերացի» թիվ 1 համալսարանական համալիրում, 1-ական տուժածներ` «Արմենիա» հանրապետական, «Իզմիրլյան» բժշկական և Ճառագայթային բժշկության և այրվածքների կենտրոններում։
Բացի վերակենդանացման բաժանմունքներում գտնվողներից մյուսների վիճակը հիմնականում բավարարին մոտ է։ Բոլոր տուժածներին ցուցաբերվում է անհաժեշտ բժշկական օգնություն», - հաղորդում է առողջապահության նախարարության աշխատակիցը։
Վերջինս նշում է, որ մամուլում շրջանառվող մանկահասակ երեխաներ հոսպիտալացնելու մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը։