30/07/2016 15:25
Խորենացիում և Սարի Թաղում բախման հետևանքով տուժած լրագրողների դեպքի առթիվ ՀՀ գլխավոր դատախազությունում հարուցվել է քրեական գործ
Հուլիսի 29-ից լույս 30-ի գիշերը Երևանի Խորենացի փողոցում և Սարի Թաղում տեղի ունեցած բախման հետևանքով իրենց մասնագիտական աշխատանքը կատարելու ժամանակ տուժած լրագրողների դեպքի առթիվ ՀՀ գլխավոր դատախազությունում հարուցվել է քրեական գործ, Aysor.am-ին հայտնեցին դատախազության լրատվության վարչությունից:
«Լրագրողի առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով և այլ եղանակներով լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու դեպքերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով՝ ՀՀ գլխավոր դատախազությունում հարուցվել է քրեական գործ: Նախաքննություն կատարելու համար քրեական գործն ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն»,-հայտնեցին դատախազությունից։
«Միաժամանակ, ՀՀ գլխավոր դատախազությունը կապ է հաստատել լրատվամիջոցների հետ՝ (Արմենիա հեռուստաընկերություն, azatutyun.am, a1plus.am, 1in.am, lragir.am, panorama.am, civilnet.am, news.am, armlur.am) խնդրելով դատախազությանը տրամադրել լրագրողների նկատմամբ բռնության և տեխնիկայի վնասման վերաբերյալ իրենց տրամադրության տակ գտնվող փաստերը՝ քրեական գործի շրջանակներում դրանք ուսումնասիրության առարկա դարձնելու համար»,-հայտնում է Գլխավոր դատախազությունը՝ կոչ անելով մնացած այլ լրատվամիջոցներին ևս լրագրողների նկատմամբ բռնության վերաբերյալ ցանկացած առկա փաստ ուղարկել ՀՀ գլխավոր դատախազություն: