30/07/2016 14:44
ՀՀՇ-ն պահանջում է ԱԺ արտահերթ հրավիրել՝ հուլիսի 29-ին տեղի ունեցածին քաղաքական գնահատական տալու համար
Հայոց Համազգային Շարժում կուսակցությունը հայտարարությամբ է հանդես եկել է՝ պահանջելով Ազգային Ժողովի արտահերթ նստաշրջան հրավիրել՝ հուլիսի 29-ին տեղի ունեցածին քաղաքական գնահատական տալու և դրանից բխող համապատասխան քայլեր կատարելու համար։
«Հուլիսի 29-ին տեղի ունեցած իրադարձությունները ոչ թե իրավապահ մարմինների կողմից հասարակական կարգի ապահովմանն ուղղված միջոցառուներ էին, այլ ակնհայտորեն պատժիչ գործողություններ, որոնք ուղղված են ոչ միայն բռնության ենթարկված քաղացիների ու լրագրողների, այլ նաև Հայաստանի Հանրապետության կայունության, երկրի հեղինակության դեմ։
Հայոց Համազգային Շարժում կուսակցությունը՝ դատապարտելով իրավապահ մարմինների ապօրինի գործողությունները, իշխանություններից պահանջում է անհապաղ ազատ ազարձակել բերման ենթարկված քաղաքացիներին, անաչառ հետաքննություն անկացնել անհամաչափ ուժի և հատուկ միջոցների կիրառման դեպքերի առթիվ, բացահայտել և պատասխանատվության ենթարկել քաղաքացիական հագուստով բռնություն իրականացնող անձանց, նրանց այդ գործողությունների դրդողներին և խրախուսողներին։
Պահանջում ենք անհապաղ բացահայտել և խստագույնս պատասխանատվության ենթարկել լրագրողների նկատմամբ բռնություն իրականացնողներին և մամուլի ներկայացուցիչների նկատմամբ թիրախավորված հարձակում գործելու հրաման արձակողներին։
Հայոց Համազգային Շարժում կուսակցությունը պահանջում է ՀՀ Ազգային Ժողովի քաղաքական մեծամասնությունից հրավիրել Ազգային Ժողովի արտահերթ նստաշրջան՝ տեղի ունեցածին քաղաքական գնահատական տալու և դրանից բխող համապատասխան քայլեր կատարելու համար», - հայտարարում է ՀՀՇ-ն։