30/07/2016 19:15
Հովսեփ Խուրշուդյանին սպասվում է 3-7 տարվա ազատազրկում. Պաշտպան
Հուլիսի 30-ի լուսադեմին բերման ենթարկված «Ժառանգություն» կուսակցության անդամ Հովսեփ Խուրշուդյանը ձերբակալվել է, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց վերջինիս փաստաբան Սեդա Սաֆարյանը:
Պաշտպանը տեղեկացրեց, որ Խուրշուդյանը կասկածվում է ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործություն կատարելու մեջ:
«Նա կասկածվում է զանգվածային անկարգությունների ժամանակ դրանց մասնակցի կողմից բռնություն գործադրելու, ջարդ կամ հրկիզում իրականացնելու, գույք ոչնչացնելու կամ վնասելու, հրազեն, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր գործադրելու կամ ոստականության ներկայացուցչին զինված դիմադրելու մեջ»,-ասաց Խուրշուդյանի պաշտպանը:
Վերջինս տեղեկացրեց, որ Խուրշուդյանը ձերբակալվածի կարգավիճակում է մնալու 72 ժամ, որը լրանում է օգստոսի 1-ի երեկոյան:
«Հովսեփ Խուրշուդյանը մեղադրանքը չի ընդունել: Մենք գտնում ենք, որ նրան անազատության մեջ պահելու որոշումն անհիմն է և անօրինական»,-ասաց փաստաբանը:
Ներկայցված հոդվածով՝ Հ. Խուրշուդյանին սպասվում է 3-7 տարվա ազատազրկում: