30/07/2016 13:17
Պավել Մանուկյանի առողջական վիճակում դրական փոփոխություն կա
«Էրեբունի» ԲԿ-ում գտնվող «Սասնա ծռեր» խմբի անդամ Պավել Մանուկյանի վիճակը գնահատվում է կայուն՝ դրական դինամիկայով:
«Վերքերն ամեն օր մշակվում են, գիտակցությունը տեղն է», - լրագրողների հետ զրույցում ասաց «Էրեբունի» ԲԿ գործադիր տնօրեն Միքայել Մանուկյանը:
ԲԿ-ի տնօրենի խոսքով՝ Պավել Մանուկյանը շարունակում է հացադուլը. «Սակայն ստանում է համապատասխան դեղորայք, որն անհրաժեշտ է օրգանիզմը ճիշտ աշխատելու համար», - նշեց նա:
Պավել Մանուկյանը հիվանդանոց է ընդունվել զույգ ազդրերի հրազենային վնասվածքներով, աջ ազդոսկրի բազմաբեկոր կոտրվածքով։
Նշենք, որ Պավել Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 219-րդ հոդվածի 3-րդ մասով և 235-րդ հոդվածի 3-ռդ մասով:
Նրա նկատմամբ միջնորդություն է ներկայացվել խափանման միջոց կալանավորումը ընտրելու վերաբերյալ, բայց, նկատի ունենալով, որ Մանուկյանը ցանկություն է հայտնել անձամբ ներկա գտնվել դատական նիստին, իսկ այս պահին վերջինիս վիճակը ծանր է, դեռ պարզ չէ, թե երբ է նշանակվելու դատական նիստը: