30/07/2016 11:48
Պատգամավորը գործընկերներին առաջարկում է որպես կենդանի վահան գտնվել այն վայրերում, որտեղ հավանական են նոր բախումներ
ԱԺ պատգամավոր, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Վահե Էնֆիաջյանը դատապարտելի է համարում երեկ Սարի թաղում լրագրողների հանդեպ կիրառված ուժը:
«Գիշերվա դեպքերին արձագանքելով` ամենախիստ դատապարտող բառերն անգամ քիչ են:
Ուժի կիրառումը միշտ պետք է լինի ծայրաստիճան հիմնավոր, արդարացված և, վերջ ի վերջո, համաչափ:
Սարի Թաղում հատուկ կամ ինչ անուն էլ տանք այդ գործողություններին, միևնույնն է, չի կարող արդարացնել խաղաղ բնակիչների հանդեպ կիրառված անթույլատրելի ուժը:
Առանձնակի դատապարտելի է լրագրողների հանդեպ կիրառված ուժը, որոնք իրենց մասնագիտական պարտքն էին կատարում և ոչ ավելին, սակայն, վերջիններիս հանդեպ նույնպես ուժ է գործադրվել:
Անհրաժեշտ է ոչ միայն դատապարտել ու կոչեր հնչեցնել, այլ ՝ պետք է հետամուտ լինել և հետևողական, բախումների արդյունքում տուժած յուրաքանչյուր գործի ժամանակ:
Ըստ պաշտոնական տվյալների ՝ կա 60 տուժած, որոնցից 3-ի վիճակը գնահատվում է ծանր: Բոլորին շուտափույթ առողջություն և ապաքինում եմ մաղթում:
Գործընկերներս հետ օրվա ընթացքում շրջելու ենք հիվանդանոցներով, ոստիկանական բաժանմունքներով, որպեսզի տեղում և օբյեկտիվ տեղեկատվություն ստանանք:
Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու կյանքն ու առողջությունը վեր է ամեն ինչից, ուստի.
Կոչ եմ անում Ազգային Ժողովի իմ գործընկեր-պատգամավորներին` անկանխատեսելի հետագա զարգացումները, բախումներն ու նոր անցանկալի միջադեպերը կանխարգելելու նպատակով՝ որպես կենդանի վահան գտնվենք բոլոր այն վայրերում, որտեղ հավանական են նոր բախումներ, որպեսզի հնարավոր լինի կանխել հավանական ու անդառնալի զարգացումները», - Facebook-յան իր էջում գրել է պատգամավորը: