30/07/2016 20:09
Զոհաբերեց իրեն, որ ապահով մեծանան ոչ միայն իր, այլև՝ բոլորիս երեխաները. Զոհված ոստիկանի մասին
Ենթասպա Յուրի Տեփանոսյանը գնաց զորացնելու անմահների երկնային գունդը, որ մեր երկրի ու ժողովրդի հավերժության երաշխավորն է, այսօր զոհված ոստիկանի մասին Facebook-յան իր էջում նման գրառում է արել ՀՀ ոստիկանության լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը՝ հրապարակելով զոհված Յուրի Տեփանոսյանի լուսանկարը:
«Հուլիսի 30-ին ՊՊԾ գնդի տարածքում դարանած դիպուկահարի գնդակից զոհվեց ոստիկանության զորքերի զինծառայող, ենթասպա Յուրի Տեփանոսյանը: Զոհվեց որպես զինվոր՝ դիրքում: Զոհվեց որպես ոստիկան՝ կյանքի գնով պահպանելով համաքաղաքացիների կյանքն ու անվտանգությունը:
Յուրի Տեփանոսյանը ծնվել է 1986 թվականին, Երևանում:
2003 թվականին ավարտել է միջնակարգ դպրոցը, 2004-2006 թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում:
ՀՀ ոստիկանության զորքերում ծառայում էր 2011 թվականից:
Երեսուն տարեկան էր ընդամենը, երազանքները շատ էին: Երկու դուստրերից հետո տղա էր ունեցել և որդուն տղամարդ մեծացնելու ու տղամարդ տեսնելու իղձն էր փայփայում հաստատ: Չհասցրե՛ց… Զոհաբերեց իրեն, որ ապահով մեծանան ոչ միայն իր, այլև բոլորիս երեխաները, որ անցնցում ու ամուր լինի իր ու բոլորիս Հայաստանը:
Նվիրյալները զոհվում են ու չեն մահանում:
Ենթասպա Յուրի Տեփանոսյանը գնաց զորացնելու անմահների երկնային գունդը, որ մեր երկրի ու ժողովրդի հավերժության երաշխավորն է:
Փառք ու անմար հիշատակ մեր խիզախ զինակցին»,-նշել է Ահարոնյանը: