30/07/2016 18:08
Ռիչարդ Միլս. Բռնություններում ներգրավված որևէ անձ չի մասնակցի ԱՄՆ կառավարության կողմից հովանավորվող որևէ ծրագրի
Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում այցելեց երեկ գիշեր Էրեբունում վիրավորված լրագրողներին ու զրուցեց նրանց հետ:
Ինչպես տեղեկացնում է ԱՄՆ դեսպանատան լրատվական ծառայությունը, Ա1+-ի ու Լայֆնյուզի լրագրողների հետ հանդիպումից հետո նա այցելեց Ազատություն ռադիոկայանի գրասենյակ, որի լրագրողներից մի քանիսը ևս երեկ գիշեր վիրավորվել էին:
«Ազատ խոսքի համար անհրաժեշտ է մամուլ, որը կարող է լրատվություն հաղորդել՝ առանց վախենալու վնասվածք ստանալուց: Լրագրողներին վնասվածք հասցնելը վնասվածք է ողջ հասարակությանը ու ժողովրդավարական հեռանկարին: Մենք կաշխատենք այնպես անել, որ երեկ գիշերվա բռնություններում ներգրավված որևէ անձ, այդ թվում և ուժային կառույցների պաշտոնյաները չմասնակցեն ԱՄՆ կառավարության կողմից հովանավորվող որևէ ուսումնական կամ այլ ծրագրի», - ասաց դեսպան Միլսը: