30/07/2016 14:00
Երեկ Սարի թաղում տեղի ունեցած բախումների դեպքով քրեական գործ է հարուցվել. ձերբակալվել է 23 մարդ
ՀՀ ՔԿ հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում հուլիսի 30-ին հարուցվել է քրեական գործ՝ հուլիսի 29-ի ուշ երեկոյան Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանում տեղի ունեցած անկարգությունների դեպքերի առթիվ, տեղեկացնում են Քննչական կոմիտեի լրատվական ծառայությունից:
ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանությունից հուլիսի 30-ին ստացվել են նյութեր՝ հուլիսի 29-ի երեկոյան մի խումբ անձանց կողմից Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանում անկարգություններ կազմակերպելու վերաբերյալ։
Նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ հուլիսի 29-ին՝ ժամը 22։30-ի սահմաններում, Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանում մի խումբ անձինք կազմակերպել են զանգվածային անկարգություններ, որի ընթացքում բռնություն է գործադրվել տվյալ տարածքում ծառայություն իրականացնող ոստիկանության ծառայողների նկատմամբ, որի հետևանքով վտանգվել է հասարակական անվտանգությունը։
Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերն առերևույթ պարունակում են ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով նախատեսված հանցագործության հատկանիշներ՝ ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ։
Զանգվածային անկարգությունները կազմակերպելու ու դրանց մասնակցելու կասկածանքով ձերբակալվել է 23 անձ, որոնց թվում՝ Արմեն Մարտիրոսյանը և Անդրիաս Ղուկասյանը։
Նախնական տվյալներով՝ հուլիսի 29-ի երեկոյան տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով ստացած մարմնական վնասվածքներով բուժօգնություն ստանալու համար բժշկական կենտրոններ են դիմել 67 մարդ։ Քննություն է տարվում պարզելու վերջիններիս մարմնական վնասվածքներ ստանալու հանգամանքները։
Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ ու լրիվ քննությունն ապահովելու ուղղությամբ։