01/08/2016 12:19
Պավել և Արամ Մանուկյանները վիրահատությունների կարիք ունեն. փաստաբան
Պավել և Արամ Մանուկյանների շահերի պաշտպանը միջնորդություն է ներկայացրել վարույթ իրականացնող մարմնին, որպեսզի նրանց անհապաղ տեղափոխեն քաղաքացիական հիվանդանոց:
«Նրանք վիրահատությունների կարիք ունեն: Այդ հարցով ես միջնորդություն եմ ներկայացրել վարույթ իրականացնող մարմնին ու դեռ սպասում եմ պատասխանի», - լրագրողների հետ զրույցում ասաց պաշտպան Ինեսա Պետրոսյանը:
Պետրոսյանի խոսքով՝ իր պաշտպանյալները դատապարտյալների հիվանդանոցում անմարդկային պայմաններում են պահվել, սակայն բազմաթիվ բողոքներից հետո փոքր-ինչ բարեկարգվել են պայմանները, առանձին սենյակներ են տրամադրվել, հիվանդանոցային մահճակալներ:
Ինեսա Պետրոսյանը նշեց, որ առաջիկայում կբողոքարկի իր պաշտպանյալների նկատմամբ խափանման միջոցը՝ կալանքը. «Թեև բնավ հույսեր չունեմ, թե որևէ բան կփոխվի», - ասաց նա:
Ըստ Պետրոսյանի՝ դատարանի՝ կալանքի որոշման վերաբերյալ ձևակերպումը, թե ապստամբները, մնալով ազատության մեջ, կարող են փախչել կամ խանգարել գործի քննությանը, անտրամաբանական է. «Պավել Մանուկյանին դատարան են տարել պատգարակով, իսկ նիստին մասնակցում էին նաև բժիշկներ, որպեսզի նրան օգնություն ցույց տան անհրաժեշտության դեպքում», - ընդգծեց Մանուկյանների պաշտպանը: