03/08/2016 13:11
102 ռազմաբազայից փախած ռուս զինծառայողը «նադայել էր եղել» և ուզում էր գնալ տուն
Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայից 20-ամյա զինծառայող է փախել: Նա փորձել է մոտենալ Ոսկեհասկ գյուղի արևմտյան հատվածին և հատել հայ-թուրքական սահմանը, Aysor.am-ի հետ զրույցում ասաց Ոսկեհասկ համայնքի ղեկավար Արտաշես Սահակյանը:
Նա ասաց, որ զինծառայողն իրենց գյուղի միջով անցնելիս է եղել, երբ գյուղացիները նկատել են նրան, հարցուփորձ են արել, թե ով է և ուր է գնում:
«Երբ պարզվել է, ով է՝ մեր գյուղի տղաները բռնել են նրան, տարել հանձնել սահմանապահ զորքեր», - պատմեց գյուղապետը:
Ռուս զինծառայողին բռնած գյուղացիներից Գևորգ Սերոբյանը Aysor.am-ին ասաց, որ նրա անունը Սերգեյ Շիլով է:
«Նա մեր ուշադրությունը գրավեց, քանի որ զինվորական հագուստով էր: Մենք հարցրեցինք, թե ով, է ուր է գնում, ներկայացավ որպես Սերգեյ Շիլով: Ասեց «նադայել եմ եղել, էլ չեմ դիմանում, ուզում եմ գնամ տուն», - պատմեց նա:
«Նա զենք չուներ, պայուսակում կար դուբինկա, մասկա և մի քիչ էլ մթերք», - ասաց Գեւորգ Սերոբյանը:
Վերջինս հայտնեց, որ 20-ամյա ռուս զինծառայողը կոնֆլիկտ չի առաջացրել, և իրենց ուղեկցությամբ բարյացկամ հանձնվել է պատկան մարմիններին:
Հայաստանի ոստիկանությունից Aysor.am-ին հայտնեցին, ոի տեղյակ են դեպքի մասին, սակայն ռուսական ռազմաբազայի ղեկավարությունը հայ իրավապահներին չի դիմել: