11/08/2016 13:57
Կարեն Բեքարյան. Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերություններում նկատվող նոր իրավիճակը լիցքաթափում է տարածաշրջանը
Թշնամական հռետորաբանությունից և կիրառած սանկցիաներից հետո Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերություններում նկատվող նոր իրավիճակը ԱԺ պատգամավոր Կարեն Բեքարյանի դիտարկմամբ լիցքաթափում է տարածաշրջանը, ինչը դրական է նաև Հայաստանի համար, այս մասին նա ասաց այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ:
«Չմոռանալով, որ մենք սահմանակից ենք Թուրքիային, չմոռանալով, որ առկա է ռուսական բազա, որ սահմանը պահպանվում է թե՛ հայ-ռուսական պայմանագրի, թե՛ ՀԱՊԿ-ի գործողությունների համատեքստում՝ ռուս-թուրքական հարաբերությունների սրացումը մեզ համար լրացուցիչ գլխացավանք չէր կարող չպարունակել»,- ասաց Կարեն Բեքարյանը:
Պատգամավորն ընդգծեց՝ եթե տարածաշրջանում ինչ-որ իմաստով լարվածություն է թուլանում, սա մեզ համար ունի որոշակի դրական միտումներ:
«Դրական միտումների շարքում է նաև այն հանգամանքը, որ Ռուաստանն էապես ավելացնում է իր ազդեցությունը տարածաշրջանում: Երբ դաշնակցիդ հնարավորությունները լայնանում են տարածաշրջանային և համաշխարհային համատեքստում, դա քեզ համար դրական է, և այդ դրականի ներքո ունենք նաև մեր՝ հստակ արտահայտված շահերը»,- ասաց պատգամավորը:
Կարեն Բեքարյանի բնորոշմամբ՝ Պուտին-Ալիև-Ռոհանի հանդիպումը տարածաշրջանի ավելի լայն ընդգրկվածության քննարկումների հնարավոր նախերգանք է:
«Քննարկումները կլինեն արդյունավետ ու դրանց կյանքի կոչման հնարավորությանը և հավանականությունը էապես կավելանա, երբ տարածաշրջանի բոլոր դերակատարներն այդ քննարկումներում ունենան իրենց մասնակցությունը: Կարծում եմ՝ այդ օրը հեռու չէ»,- ընդգծեց նա: