22/08/2016 13:54
Ազատ արձակված Դավիթ Սանասարյանի պաշտպանը դիմելու է Վճռաբեկ, այնուհետև՝ Եվրոպական դատարաններ
Գրավի դիմաց ազատ արձակված Դավիթ Սանասարյանի պաշտպան Արա Ղարագյոզյանը պատրաստվում է դիմել վճռաբեկ դատարան, այնուհետև՝ Եվրոպական դատարան՝ վերջինիս կալանքի ապօրինությունը հաստատելու նպատակով:
«Գտնում ենք, որ կալանքը ապօրինի էր: Բողոքարկելու ենք վճռաբեկ դատարան, այնուհետև Եվրոպական, եթե վճռաբեկը մերժի»,- լրագրողների հետ զրույցում ասաց Արա Ղարագյոզյանը:
Նրա խոսքով՝ Դավիթ Սանասարյանի թե՛ կալանքը, թե՛ գրավի դիմաց ազատ արձակումը քաղաքական որոշում է եղել:
Վերջինս տեղեկացրեց, որ իր հաջորդ քայլը լինելու է Դավիթ Սանասարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդությունը:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ օգոստոսի 19-ին Վերաքննիչ քրեկան դատարանը որոշում կայացրեց մեկուկես միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակել ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Դավիթ Սանասարյանին:
Նրան մեղադրանք էր առաջադրվել 225-րդ հոդվածի 1-ին մասով՝ զանգվածային անկարգություններ կազմակերպելու համար: