22/08/2016 16:31
Մեղրին՝ հայկական Դուբա՞յ
Մեծ հավանականություն կա, որ առաջիկա տարիներին Մեղրին կդառնա Իրանն ու Մերձավոր Արևլքի այլ երկրները Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրներին կապող օղակը: Դա ոչ թե ենթադրությունների շարքից է, այլ՝ իրականացման փուլում գտնվող գործընթաց:
Մի քանի օր առաջ վարչապետ Հովիկ Աբրահմայնն այցելել էր Սյունիք մարզ և եղել Մեղրու տարածաշրջանի այն հատվածում, որտեղ նախատեսվում է հիմնել ազատ տնտեսական գոտի: Այս տարածաշրջանում ազատ տնտեսական գոտու ստեղծումը երկարատև քննարկումների և բանակցությունների փուլ է անցել:
Նախ՝ եղել են բանակցություններ նախորդ տարի Հայաստանի Հանրապետություն Իրանի առաջին փոխնախագահ Էսհաղ Ջհանգիրիի այցի ժամանակ: Հայաստանը դիտարկվել է Իրանը ԵԱՏՄ-ին կապող երկիր, իսկ դրա հստակ արտահայտումը՝ Մեղրու տարածաշրջանում ազատ տնտեսական գոտու ստեղծումը:
Այստեղ իրանական ընկերությունները կարող են հիմնել իրենց արտադրությունները և արտադրանքն արտահանել ԵԱՏՄ 150 միլիոնանոց շուկա առանց մաքսատուրքերի և հարկերի:
Դրան հաջորդել է ԵԱՏՄ շրջանակներում կառավարական մակարդակով բանակցությունները գործընկեր երկրների հետ: Դրանց արդյուքնում միության անդամ երկրները համաձայնվել են Իրանի հետ համագործակցության այս տարբերակին: Վերջին անգամ հայկական կողմը հարցը բարձրացրել է ԵԱՏՄ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստում և ներկա պահին ազատ տնտեսական գոտու բացմանն այլ խոչընդոտներ չկան:
Այս հանգամանքը թույլ էր տվել Հովիկ Աբրահամյանին Մեղրիում խոսել Իրանի հետ սահմանագոտում ազատ տնտեսական գոտու ստեղծման մասին, կարևորել այն՝ նշելով, որ դա թույլ կտա կազմակերպել նոր արտադրություններ, իրականացնել արտահանում, ստեղծել աշխատատեղեր:
Էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանն էլ տեղեկացրել է, որ Իրանի սահմանագոտուն հարակից ազատ տնտեսական գոտու ստեղծման նախագիծը վարչապետի հանձնարարությամբ արդեն ուղարկվել է բոլոր շահագրգիռ գերատեսչություններին:
«Ակնկալվում է կարճ ժամանակահատվածում հիմնել այս ազատ տնտեսական գոտին, որի մեջ կան թե՛ արդյունաբերական, թե՛ ենթակառուցվածքային և թե՛ ծառայությունների մատուցման բաղադրիչները»,- տեղեկացրել է էկոնոմիկայի նախարարը:
Կդառնա՞ Մեղրին Դուբայ ԵԱՏՄ երկրների, Իրանի և տարածաշրջանի այլ երկրների համար:
Արաբական Միացյալ Էմիրությունների հենց այս քաղաքն է հայտնի որպես համաշխարհային վերաարտահանման քաղաք: Զուտ բովանդակային առումով Մեղրու համար նախատեսված են ավելի լայն հնարավորություններ՝ ոչ թե վերարտահանում, այլ ապրանքների արտադրություն և անմաքս արտահանում: Համենայնդեպս, սա մեր երկրի հարավային դարպասը ամրացնելու լուրջ քայլ է ու դրա նշանակությունը չի կարելի բարձր չգնահատել:
Մնում է հնարավորինս շուտ և ճիշտ մեխանիզմներ գործարկելով կյանքի կոչել այն: