23/08/2016 16:16
Ալի Շամխանի. Ռուսական կործանիչներն Իրանի տարածքը լքել են օգոստոսի 18-ին
Ռուսական կործանիչներն Իրանի տարածքը լքել են օգոստոսի 18-ին, իրանական «ՄԵՀՐ» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ հայտարարել է Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին:
Իրանցի բարձրաստիճան պաշտոնյան, անդրադառնալով Իրանի տարածքից Սիրիայում տեղակայված ահաբեկչական խմբավորումների դիրքերին ռուսական օդուժի իրականացրած ավիահարվածներին, մասնավորապես ասել է. «Իրանը, Ռուսաստանը և Սիրիան ահաբեկչության դեմ համատեղ պայքար են մղում, և ռուսական ինքնաթիռները, համաձայն մշակված գործողությունների պլանի, օգոստոսի 18-ին լքել են Համադանը»:
«Նախատեսված էր, որ ռուսական ինքնաթիռները պետք է մնային Համադանում մինչև հինգշաբթի օրը և նույն օրն էլ նրանք լքեցին: Այլ երկրներն այդ հարցում որևէ ճնշում չեն գործադրել»,-ասել է Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: