23/08/2016 14:19
Մեզ պետք է իշխանությունը, որը գործով կպահպանի անկախությունը. Արամ Մանուկյան
1990 թվականի օգոստոսի 23-ը մեր ժողովրդի պատմական ամենահրաշալի, գեղեցիկ օրերից մեկն էր, լրագրողների հետ հանդիպմանը Արամ Մանուկյանն այսպես բնորոշեց Հայաստանի անկախության մասին հռչակագրի ընդունումը: Վերջինիս խոսքով՝ սա լավագույն փաստաթուղթն է պատմության մեջ, որը սկիզբ դրեց Հայաստանի անկախությանը:
«Սա մեր պետականության անկյունաքարն է, մեր երկրի ծննդականը, որովհետև առաջին իսկ կետը սահմանում է մեր երկրի անվանումը՝ Հայկական ԽՍՀ-ն վերանվանվում է Հայաստանի Հանրապետություն: Եթե ուշադրություն դարձնեք փաստաթղթի 12 կետերին, ապա կտեսնեք, որ այլ երկրի կազմում նման փաստաթուղթ ընդունելը պարզապես անհնար էր, բայց այստեղ չկա որևէ կետ, որը ռեալ կյանքի կոչել հնարավոր չէր: Համաձայնեք՝ 1990 թվականին դժվար էր խոսել բազմակուսակցության, սեփական մաքսային համակարգի և հայկական բանակի մասին: Սա համարձակ, գրագետ և մշակված փաստաթուղթ էր և մի մոռացեք, որ 90 թվականին երկու ամիս էր, որ խորհրդարանն աշխատում էր, ուստի այստեղ աշխատողներից որևէ մեկս պատգամավորական փորձ չունեինք, մինչդեռ եկանք ու օերնսդրական գործունեություն սկսեցինք իրականցնել, որի արդյունքում էլ ծնվեց այս հրաշալի փաստաթուղթը, որը երբևէ որևէ մեկը չի քննադատել»,- վերհիշելով Անկախության հռչակագրի պատմությունը՝ նշեց Արամ Մանուկանը:
Պատգամավորի բնորոշմամբ՝ անկախությունը նման է երեխային, որին պետք է պահես և մեծացնես: Մանուկյանը նշեց՝ շատ երկրներ են երազել անկախության մասին. մի մասը հասել է, հետո կորցրել այն, իսկ մյուս մասին՝ այդպես էլ չի հաջողվել ձեռք բերել անկախություն, ուստի պետք է գնահատել այն, ինչ ունենք այսօր:
«Երկիրն անկախ է այնքանով, որքանով դրսի խաղացողների հետ կապվածություն ունի: Մեզ պետք է իշխանությունը, որը գործով կպահպանի անկախությունը: Ցավոք, մենք այսօր ոչ թե այս փաստաթղթի ուժեղացման, այլ թուլացման փուլում են»,- ասաց Արամ Մանուկյանը: