23/08/2016 15:37
Բաքուն Անկարային խնդրել է օգնել Գյուլենի աջակիցների հայտնաբերման հարցում
Բաքուն դիմել է Անկարային՝ խնդրելով աջակցություն տրամադրել Ադրբեջանում Թուրքիայի հեղաշրջման փորձի կազմակերպման մեջ մեղադրվող Ֆեթուլլահ Գյուլենի շարժման աջակիցների կապերի և ֆինանսավորման աղբյուրների հետաքննության հարցում: Ինչպես հայտնում է РИА Новости-ն, այդ մասին ասված է Ադրբեջանի ՆԳՆ, գլխավոր դատախազության և պետական անվտանգության ծառայության համատեղ հայտարարությունում:
Ավելի վաղ Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը հայտարարել էր մի խումբ անձանց ձերբակալման մասին, որոնք կարող են կապված լինել Գյուլենի շարժման հետ: Պետական անվտանգության ծառայության քննչական գլխավոր վարչությունում քրեական գործ է հարուցվել «օպերատիվ-հետախուզական գործունեության մասին օրենսդրության խախտման» և «լիազորությունների չարաշահման» մասին հոդվածներով:
«Եվրոպական կոնվենցիայի պահանջների համապատասխան՝ Թուրքիայի գլխավոր դատախազին դիմում է ներկայացվել այդ երկրի տարածքում իրականացնել քննչական գործողություններ Ադրբեջանում գործող քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի շարժման աջակիցների արտասահմանյան կապերի, նրանց ֆինանսավորման աղբյուրների հայտնաբերման ուղղությամբ»,- ասված է հայտարարությունում:
Լույս հուլիսի 16-ին Թուրքիայում տեղի է ունեցել ռազմական հեղաշրջման փորձ: Դրան հաջորդել են ձերբակալությունները երկրի զինված ուժերում և այլ կառույցներում, փակվել են բազմաթիվ թերթեր, կազմակերպություններ, կենտրոններ, երկրում հայտարարվել է արտակարգ դրություն: Հեղաշրջման փորձի համար Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեղադրում է «Հիզմեթ» («Ծառայություն») կրոնական շարժման հիմնադիր և իր հակառակորդ Ֆեթուլլահ Գյուլենին, ով ներկայում բնակվում է ԱՄՆ Փենսիլվանիա նահանգում: