23/08/2016 13:17
Թրամփի կինը հայց է ներկայացրել Daily Mail-ի դեմ
ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփի կինը՝ Մելանյան, հայց է ներկայացրել բրիտանական Daily Mail-ի դեմ այն լուրերի պատճառով, թե 1990-ական թվականներին ինքն էքսկորտ ծառայություններ է մատուցել, հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով Guardian-ին:
Մելանյայի փաստաբանները թերթի դեմ հայց են ներկայացրել հարյուր տոկոսանոց հերյուրանք տարածելու, նաև Թրամփի կնոջ՝ 1990-ականներին ունեցած միգրանտի կարգավիճակի հարցը բարձրացնելու համար:
«Բոլոր այդ հայտարարությունները հարյուր տոկոսանոց սուտ են, դա կործանարար է հեղինակության համար և վիրավորական»,- ասված է հայցի մեջ:
«Ընտրություններից մի քանի ամիս առաջ Հանրապետական կուսակցության գլխավոր թեկնածուի և նրա կնոջ համար անսովոր է դատական հայց ներկայացնելը»,- նշում է թերթը:
Նշենք, որ ավելի վաղ դեմոկրատ կոնգրեսական Քսավիե Բեսերան քննադատել էր Դոնալդ Թրամփին այն բանի համար, որ նա լռում է, թե ինչպես է իր կինը՝ Սլովենիայում ծնված անձը, ԱՄՆ քաղաքացի դարձել այն դեպքում, երբ ինքը՝ թեկնածուն, հայտնի է միգրանտների և նրանց նկատմամբ ԱՄՆ քաղաքականության սուր քննադատությամբ: