23/08/2016 12:35
Լևոն Աճեմյան. «Կոկա կոլան» միակն է, որ ըմպելիքի պահպանման համար սառնարաններ է տրամադրում
Ամռան կարևորագույն խնդիրներից մեկը սննդի պահպանման պայմաններն են: Հաճախ մենք գնում ենք զանազան մթերքներ, միրգ, բանջարեղեն, որոնց պահպանման պայմաններն, ըստ մասնագետների, չեն համապատասխանում սահմանված նորմերին:
Հրավիրված ասուլիսում սննդամթերքի անվտանգության ոլորտի մասնագետները հորդորեցին հատուկ ուշադրություն հատկացնել ոչ միայն սննդի պիտանելիության ժամկետին, այլև դրանց պահպանման պայմաններին և ոչ մի դեպքում չգնել արևի տակ վաճառվող միրգն ու բանջարեղենը, ինչպես նաև չօգտվել զովացուցիչ ըմպելիքներից, որոնք չեն պահվում սառնարանային պայմաններում:
«Զովացուցիչ ըմպելիքների արտադրության մեջ օգտագործում են ասպարտամ բաղադրիչը, որն ավելի մատչելի է ու ավելի քաղցր է շաքարից: Ասպարտամը 30 աստիճանում տրոհվում է թունավոր նյութերի: Ես չեմ տեսել ասպարտամ պարունակող ըմպելիք արտադրող ընկերություն, որն իր սառնարան ունի, բացառությամբ՝ «Կոկա կոլա» ընկերության, որը պահպանման համար սառնարաններ է տրամադրում, մնացածների դեպքում ըմպելիքը պահպանվում է դրսում»,- ասաց Սպառողների ազգային ասոցիացիայի» գյուղդեպարտամենտի ղեկավար Լևոն Աճեմյանը:
Բանախոսը նշեց, որ ասպարտամ է պարունակում միայն «Կոկա կոլա» զովացուցիչ ըմպելիքի «լայթս» տեսակն ու հավելեց, որ այդ բաղադրիչը պարունակող ըմպելիքներն ու քաղցրավենիքները բնավ վնասակար չեն օրգանիզմի համար, եթե սպառողը դրանք չափի մեջ է օգտագործում:
Պարենային իրավունքի փորձագետ Դավիթ Պիպոյանն էլ նշեց, որ եվրոպական երկրներում այնքան տարածված չեն զովացուցիչ ըմպելիքները, որքան Հայաստանում:
«Եվրոպական երկրների մեծ մասում օգտագործվում են բնական հյութեր, ֆրեշեր, դրանք ավելի օգտակար են: Սակայն եթե անգամ օգտագործում ենք գազավորված զովացուցիչ ըմպելիք հարկավոր է դա անել չափի մեջ»,- նշեց Դ. Պիպոյանն՝ ավելացնելով, որ, ընդհանուր առմամբ, մեր երկրում սննդամթերքի ոլորտում բարձիթողի վիճակ է։