23/08/2016 17:00
«Սասնա ծռերի» անդամ Հովհաննես Հարությունյանի ցավերը փոքր-ինչ մեղմացել են. Հայարփի Սարգսյան
«Սասնա ծռեր» խմբի անդամ Հովհաննես Հարությունյանի ոտքերին գիպս տեղադրելուց հետո ցավերը փոքր-ինչ մեղմացել են, Aysor.am թղթակցի հետ զրույցում ասաց նրա փաստաբան Հայարփի Սարգսյանը:
«Երեկ արդեն կրունկից կախված երկաթե ծանրությունը հանել են, գիպս են տեղադրել ոտքերին, որից հետո նրա ցավերը փոքր-ինչ մեղմացել են: Այսօր ռենտգեն են արել, ուղարկել բուժող բժշկին: Վիրահատության օրը պարզ կդառնա բուժող բժշկի հետազոտություններից հետո», - ասաց Հ. Սարգսյանը:
Նրա խոսքով՝ վիրահատությունը պետք է արվի քաղաքացիական հիվանդանոցում, քանի որ դատապարտյալների հիվանդանոցում համապատասխան բուժսարքավորումներ չկան:
«Ես բազմիցս դիմումներ եմ ուղարկել, որ վիրահատությունը չարվի դատապարտյալների հիվանդանոցում: Ոչ պաշտոնական ձևով ինձ ասվել է, որ քաղաքացիական հիվանդանոցում է արվելու, սակայն պաշտոնապես ոչ մի պատասխան դեռևս չեմ ստացել: Դատապարտյալների հիվանդանոցում նմանատիպ վիրահատությունների համար նախատեսված համապատասխան բուժսարքավորումներ չկան», - նշեց փաստաբանը: