23/08/2016 10:47
Շիրակ Թորոսյանը չի բացառվում, որ գազամուղը պայթեցնելու պատվիրատուն Ադրբեջանն է
Երեկ հայտնի դարձավ, որ Վրաստանի պետական անվտանգության ծառայությունը կանխել է Սագուրամ գյուղի մոտակայքում Ռուսաստանից Հայաստան բնական գազ մատակարարող գազամուղի պայթեցման փորձը։
Թեմայի շուրջ «Ժողովուրդը» զրուցել է ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, «Ջավախք» հայրենակցական միության նախագահ Շիրակ Թորոսյանի հետ։
Հարցին՝ Ձեր կարծիքով՝ ինչո՞վ կարող էր պայմանավորված լինել Վրաստանում գազատարի պայթեցման փորձը, դա ո՞ւմ կարող էր այս պահին ձեռնտու լինել, պատասխանել է.
«Շատ վտանգավոր երևույթ է դա, հիշեցնեմ, որ այդպիսի երևույթներ տեղի են ունեցել Արցախյան պատերազմի ընթացքում՝ 1980-ականների վերջից մինչև պատերազմի ավարտը՝ 1994 թվականը։ Սա, կարծես թե, պատերազմից հետո առաջին փորձն էր։
Տեղեկատվության մեջ նշված է, որ Վրաստանի քաղաքացիներ են, իմ կարծիքով եթե քաղաքական ենթատեքստ ունենա, ապա միանշանակ կարող է կազմակերպված լինել ադրբեջանական կողմից և Վրաստանի՝ ազգությամբ ադրբեջանցի քաղաքացիները կարող են լինել։
Հնարավոր է այդպիսի բան, քանի որ գազամուղ պայթեցնելը ողջ էությամբ քաղաքական գործընթաց է, և բնականաբար, դա ձեռնտու է որոշակի ուժերի, որոշակի պետությունների, ովքեր Վրաստանում բավական լուրջ ներկայություն և ազդեցություն ունեն, բայց կարծում եմ՝ կարելի է առաջ չընկնել իրադարձություններից և սպասել քննության ընթացքին»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: